Հուլիսի 8-ի առավոտյան թուրքական լիրայի արժեքը ռեկորդային անկում է արձանագրել՝ շուրջ 3%՝ 5,793 լիրա 1 դոլարի դիմաց. նման արժեզրկումը գնահատվում է բավական կտրուկ՝ հատկապես վերջին շրջանում թուրքական արժույթի դիրքերի դինամիկ բարելավման ֆոնին:
Նման զարգացումների պատճառ է դարձել Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի՝ նաև ԿԲ-ի գործերին միջամտելու փորձը: Դրա հետևանքով կոնֆլիկտ էր ծագել նախագահի և ԿԲ ղեկավարի միջև՝ վերջինի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2018թ. սեպտեմբերից անփոփոխ՝ բավական բարձր 24% պահելու խնդրի հետ կապված:
Հակասությունների հետևանքով Էրդողանը դեռևս հուլիսի 6-ին պաշտոնանկ էր արել ԿԲ նախագահ Մուրաթ Չեթինքայային և նրա փոխարեն նշանակել տեղակալին՝ Մուրաթ Ույսալին:
Ի դեպ, արդեն իսկ կանխատեսելի է, որ լիրայի արժեզրկման միտումը, ինչպես նաև, ընդհանրապես, Թուրքիայի տնտեսության անկումը պարբերական բնույթ է կրելու՝ պայմանավորված արդեն օրերս Ռուսաստանի կողմից С-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման գործընթացի և դրա դեմ ԱՄՆ-ի հակաքայլերի իրողությամբ: