13:46
Արմեն Մարտիրոսյան. «Հայաստանի ամենամեծ աղետը…»

Երեք օր առաջ կոնֆերանսի ժամանակ մի մարդ մոտեցավ, թե՝ պարոն Մարտիրոսյան, մի շատ կոնֆիդենցիալ բան պիտի ասեմ։
Ձեր դուստրը՝ Գայանեն, փաբերից մեկում մատուցող է աշխատում, Դուք տեղյա՞կ եք։ Կամ մի գուցե վաղ գարնանն էր աշխատում։ Գիտեք, Ձեր ընտանիքի համար դա պիտի որ անընդունելի լինի։ Կներեք ինձ, բայց որոշեցի Ձեզ հայտնել այդ մասին։

– Այո, գիտեմ, Գայանեն աշխատում էր մատուցող՝ մի օր փաբում, մյուս օրը՝ սրճարանում։ Իսկ մինչ այդ հյուրանոցում էր աշխատում։

 

– Դե հյուրանոցը էլի ոչինչ, բայց փաբում մատուցո՞ղ…

– Ես հպարտանում եմ, որ իմ դուստրը մատուցող էր աշխատում, հյուրանոցում էր աշխատում, մինչ այդ էլի մատուցող էր աշխատում ու կարծում եմ, որ ամեն մարդու էլ անհրաժեշտ է գոնե մի էտապ մատուցող աշխատել, որպեսզի մարդկանց ճանաչի, կյանքը ներսից տեսնի։ Ու հպարտ եմ բոլոր մատուցողների համար, ովքեր տանը չեն նստել, այլ գործ են գտել ու աշխատել։

– Բայց չէ՞ որ Դուք կարող էիք Ձեր աղջկան «Անտարեսում» գործի վերցնել։

– Ոչ, չէի կարող։ Նախ «Անտարեսում» միայն բարձրակարգ մասնագետներ են աշխատում, և երկրորդը՝ չէ՞ որ իմ դուստրը այնտեղ իրեն արտոնյալ էր զգալու ու չէր աճելու։ Հիմա Գայանեն Լատվիայում կամավոր է, աշխատում է դպրոցում։

Ու դեռ լիքը մաքառելու, կայանալու գործ ունի։

– Տարօրինակ եք։

– Գիտեմ։

Աղջիկ ջան, ու բոլոր հայաստանցի տղաներ և աղջիկներ, որ երբևէ մատուցող են աշխատել կամ աշխատում, ես հպարտանում եմ ձեզնով։ Դուք եք, որ ցերեկը սովորելով, իսկ հանգստի փոխարեն մինչև ուշ գիշեր աշխատելով՝ համ գիտելիք եք ստանում, համ այդ ստացած գիտելիքը գնահատում, համ էլ երեկոյան հարաբերություններ հաստատում, սպառողին ճանաչում, թացը չորից տարբերում։ Դուք եք, որ այս փոքրիկ Հայաստանը ճանաչելով եք շենացնելու։ Դուք եք, որ վաղը օրենք գրելիս, քաղաքացու ու աշխատավորի ղադրը իմանալով, լավ օրենք եք գրելու և մյուս կողմից՝ գործը ներսից իմանալով՝ հարկատուի կովը այնպես չեք կթելու, որ հորթին բան չմնա։ Ապրեք և արարեք։

Հ.Գ. Հայաստանի համար ամենամեծ աղետը աղքատությունը չէ, բլոկադան չէ, պատերազմը չէ ու անարդարությունը չէ։

Հայաստանի ամենամեծ աղետը ՁՐԻն է։ Ձրիին սովորելն է։

Չաշխատելով «վաստակելն» է։ Չուզենալ աշխատելն է։

«Անտարես» հրատարակչութփյան տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջց:


Առաջարկում ենք նաև
Լրահոս