ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է արձագանքել Հենրիկ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին․ Լուսավոր Հայաստան

Դժվար է պատկերացնել, որ Եվրոպայի տարածքում անցկացվող որևէ խաղի որևէ ֆուտբոլիստի մասնակցությունը ազգային պատկանելության պատճառով կարող է դառնալ անհնարին: Հայտնի է, որ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող Եվրոպայի լիգայի այս տարվա եզրափակիչ խաղը նախատեսված է անցկացնել Բաքվում, որտեղ չեմպիոնի տիտղոսը վիճարկելու են անգլիական «Արսենալ» և «Չելսի» ֆուտբոլային ակումբները: Հայտնի է դարձել, որ «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, ստիպված է բաց թողնել մի խաղ, որին մասնակցությունը աշխարհի բազմաթիվ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների երազանքն է:
Ադրբեջանը հրաժարվել է մուտքի արտոնագիր տրամադրել «Արսենալի»՝ հայկական ազգանուններով երկրպագուներին: Այս պատմական խաղը Մխիթարյանի կողմից բաց թողնելու հեռանկարը արդեն իսկ ողջ ֆուտբոլային հանրությունը խայտառակություն է որակել, հազարավոր երկրպագուներ և փորձագետներ առաջարկում են բոյկոտել խաղը և չմեկնել Բաքու: 
Մենք բոլորս հայտնվել ենք մի իրավիճակում, որն անպատվաբեր է ՈՒԵՖԱ-ի համար: Զավեշտալի է, որ հայկական դիվանագիտությունը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել խնդրո առարկային, մինչդեռ համաշխարհային լրատվամիջոցները հանդես են եկել ՈՒԵՖԱ-ին և պաշտոնական Բաքվին ուղղված խիստ քննադատական հրապարակումներով: 
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հետևողականորեն այս գերզգայուն խնդիրը բարձրացնելու է բոլոր միջազգային հարթակներում, միևնույն ժամանակ կոչ ենք անում ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները մեր համաքաղաքացու և պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի իրավունքները պաշտպանելու համար»: