Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որին զոհ են գնացել 290 մարդ, իսկ 500 մարդ էլ վիրավորվել է, հերթական անգամ ապացուցում է, որ մուլտիկուլտուրիզմի գաղափարախոսությունը խորը ճգնաժամի մեջ է: Ս. Հանթինգթոնի առաջ քաշած «քաղաքակրթությունների բախման» տեսությունը Ժամանակին անտեսվեց: Նաև անտեսվեց Իրանի նախագահ Մ. Խաթամիի առաջ քաշած «քաղաքակրթությունների երկխոսության» առաջարկը: Արդյունքում, տեսնում ենք, որ կրոնական անհանդուրժողականությունն ունի պասիոնարության բավականին մեծ պոտենցիալ, և հաշվի առնելով հարավի դեմոգրաֆիական վիճակն ու շարժը դեպի հյուսիս` ակնհայտ է, որ շատ կարճ ժամանակ հետո մեր երկիրը նույնպես թիրախում է հայտնվելու:
Մենք հիմա շատ վտանգավոր իրավիճակում ենք. մի կողմից առկա է արտագաղթի բացասական սալդոն, որովհետև մեր քաղաքացիներին գրավում են ավելի զարգացած աշխատաշուկաները, մյուս կողմից` մեր էժան աշխատաշուկան գրավիչ է հարավ-արևելքից միգրացիայի համար: Ուստի հենց հիմա է պետք հաշվել ռիսկերն ու հայեցակարգ մշակել, գործիքակազմ ստեղծել: Բացի դրանից, մենք ամեն ինչ արել ենք, որ արցախյան հակամարտությունը զերծ պահենք կրոնական երանգներից, բայց դա միակողմնի գործողություն չէ: Պետք է հաշվի առնել, որ միջազգային կոնյուկտուրայի փոփոխության դեպքում Ադրբեջանն անմիջապես փորձելու է օգտագործել կրոնական գործոնը: Այստեղ նույնպես անհրաժեշտ է հաշվել ռիսկերն ու հնարավոր գործողությունների հստակ պլան ունենալ: Սրանք ֆունդամենտալ հարցեր են, որոնք օր առաջ լուծումներ են պահանջում: Հապաղելն ազգային անվտանգության խնդիր է: