Երկու օր առաջ ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ում լույս տեսավ Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում և Մալթայում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանի «Երկու պետություն, մեկ նպատակ. հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն» հոդվածը, որը բավական բուռն մեկնաբանությունների առիթ տվեց։ Հեղինակի կարծիքով Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի համար պետք է դառնա այն, ինչ Իսրայելն է ԱՄՆ-ի համար Մերձավոր Արևելքում։ 

Հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը 1991 թ․-ից հետո, Թուրքիայի և Ադրբեջանի նման հարևանների առկայությունը, ինչպես նաև այն մարտահրավերները, որոնց ստիպված ենք դիմակայել և ապագայում դիմակայելու ենք, ապա պարոն Մինասյանի առաջարկը խելքին մոտ է։ Բայց խնդիրն այն է, որ պարոն Մինասյանը չի անդրադառնում ամենակարևոր խնդրին. արդյո՞ք ՌԴ-ն ցանկանում է Հայաստանի հետ հաստատել այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք գոյություն ունեն ԱՄՆ-ի և Իսրայելի միջև։ 
Անկախացումից հետո Հայաստանի բոլոր 3 նախագահներն էլ բացահայտ ցույց են տվել իրենց ռուսամետ կողմնորոշումը։ Լ. Տեր-Պետրոսյանի օրոք ռուսական ռազմաբազան և սահմանապահները տեղակայվեցին Հայաստանում, Ռ. Քոչարյանի ժամանակ հայ-ռուսական հարաբերությունները բավական խորացան, իսկ Ս.Սարգսյանի կառավարման տարիներին այդ հարաբերություններում տեղի ունեցավ ակնհայտ տեղաշարժ, որի արդյունքում այն հավասարությունը, որը ցուցադրաբար կար Մոսկվայի և Երևանի միջև, հօդս ցնդեց, երբ Կրեմլից ՀՀ նախագահին ուղղակի հրահանգեցին մտնել ԵԱՏՄ և հեռու մնալ Հայաստան-ԵՄ համապարփակ պայմանագրի ստորագրումից։ 

Պաշտոնական Երևանի ենթակառուցվածքային, տրանսպորտային, էներգետիկ, միջազգային բազմաթիվ հարթակներում և այլ ոլորտներում ռուսամետ դիրքորոշումը և զոհաբերությունները պաշտոնական Մոսկվայում չդիտարկվեցին որպես ռազմավարական գործընկերոջ դիրքորոշում, այլ ընդունվեցին որպես Հայաստանի պարտականություն ՌԴ-ի նկատմամբ։ Ավելին` 2016 թ․-ի ապրիլին Արցախի դեմ Բաքվի ագրեսիայի ժամանակ պաշտոնական Մոսկվան որևէ հայամետ հայտարարությամբ հանդես չեկավ։ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ, բացահայտ համագործակցելով Բաքվի հետ, զբաղված են նաև հակահայկական քարոզչությամբ։ ՀՀ ռազմավարական դաշնակիցը մեզ թշնամի համարող Ադրբեջանի թիվ մեկ զենքի մատակարարն է, իսկ ՌԴ նախագահ Պուտինի «թուլության» մասին Էրդողանի նկատմամբ էլ չեմ խոսում։ 

Իսկ ի՞նչ է արել և անում ԱՄՆ-ն իր մերձավորարևելյան թիվ մեկ դաշնակցի՝ Իսրայելի համար։ Այո՛, հրեական պետության ստեղծումն այնքան էլ չողջունվեց Վաշինգտոնի կողմից, և մոտ երկու տասնամյակ ԱՄՆ-ն այնքան էլ չէր համակրում Իսրայելին, սակայն Իսրայելի ստեղծման առաջին իսկ տարուց մինչև հիմա Վաշինգտոնը միայն 1950 թ․-ին ռազմական և տնտեսական օգնություն չի տրամադրել հրեական պետությանը։ Իսկ 2011 թ․-ից սկսած՝ ԱՄՆ-ն տարեկան Իսրայելին տրամադրում է 3 միլիարդ դոլարից ոչ պակաս ռազմական օգնություն։ Միջազգային հարթակներում ԱՄՆ-ն տապալում է հակաիսրայելական բոլոր տեսակի նախաձեռնությունները։ ԱՄՆ-ն բացահայտ սպառնում է այն երկրներին, որոնք Թել Ավիվի հետ փորձում են խոսել շանտաժի լեզվով և ուժային դիրքերից։ Էլ չեմ ասում՝ թե´ ամերիկաբնակ, թե´ այլ երկրներում բնակվող հրեաներն ինչ հնարավորություններ ունեն ԱՄՆ-ում։

Հիմա հարց․ երբևէ կպատկերացնի՞ որևէ մեկը, որ Իսրայելի թշնամի համարվող արաբական որևէ երկիր, որը նաև հիանալի հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ, ամերիկյան զենք օգտագործի Իսրայելի դեմ։ Իհարկե ոչ։ ԱՄՆ-ն շատ խիստ կպատժի այդ «հանցագործին»։ Իսկ Մոսկվան 2016 թ․-ի ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ Երևանին և Բաքվին ուղղված «խաղարարական» կոչերով էր հանդես գալիս՝ տեսնելով, թե ինչպես են ազերի-թուրքերը ռուսական արտադրության զենքերը կիրառում հայերի դեմ։

Որևէ անգամ ՌԴ-ն ռազմական կամ ֆինանսական օգնություն տրամադրե՞լ է Հայաստանին, ինչպես տրամադրում է ԱՄՆ-ն Իսրայելին։ Պատասխան՝ ոչ։ Միայն ՀԱՊԿ անդամ լինելու հանգամանքը հաշվի առնելով` Երևանին վաճառվող զենքը ձեռք է բերվում զեղչով։ ՀՀ-ում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազայի ծախսերի 50 տոկոսը հոգում է ՀՀ-ն։ Չեմ պատկերացնում նաև, որ գումարային պարտքի դիմաց Վաշինգտոնը Թել Ավիվին պարտադրի «Գույք՝ պարտքի դիմաց» նսեմացնող ինչ-որ գործարք՝ այդպիսով նվաստացնելով իր դաշնակցին… Իսկ Մոսկվան մեծ հաճույքով դա արեց, իսկ ձեռք բերված «գույքը» կողպեց ու գնաց։ Հայաստանում չեն մոռանում նաև 1921 թ․-ի Կարսի և Մոսկվայի պայմանագրերը. Մոսկվան հայերի հաշվին եղբայրացավ Քեմալի հետ, որը խաբել էր Լենինին, թե սոցիալիստական հեղափոխությունը կտարածի ամբողջ Մերձավոր Արևելքում։ Դժվար է պատկերացնել, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչած ԱՄՆ-ն երբևէ Իսրայելի հաշվին բարիդրացիական հարաբերություններ հաստատի Սաուդյան Արաբիայի կամ ԱՄԷ-ի հետ։ 

Հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման և ամրապնդման համար միայն Հայաստանը չէ, որ պետք է նախաձեռնությամբ հանդես գա։ Դրանում պետք է շահագրգռված լինի նաև Կրեմլը, որը, ինչպես նկատում ենք, չի ցանկանում փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ և առաջնորդվում է՝ «А куда они без нас денутся» կարգախոսին համապատասխան։ Քանի դեռ Մոսկվայում չեն փոխել իրենց քաղաքականությունը Երևանի հետ հարաբերություններում, որևէ իշխանության օրոք չեն կարող Հայաստանի և ՌԴ-ի միջև հարաբերությունները նմանվել Իսրայել-ԱՄՆ հարաբերություններին, քանի որ մոտ 20 տարի Իսրայելին լուրջ չընդունող Վաշինգտոնի քաղաքականության փոփոխության արդյունքում է, որ Թել Ավիվի հետ հարաբերությունները ոչ միայն կարգավորվեցին, այլև վերածվեցին եղբայրականի։ 

ՀԳ. Մոսկվայի կողմից գործընկերների և հարևանների նկատմամբ տարվող ագրեսիվ արտաքին քաղաքականության հետևանքով է, որ այժմ ՌԴ-ն շրջապատված է, բառիս բուն իմաստով, թշնամական երկրներով։