Մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը, որին մասնակցում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Այդ հայտարարության տեքստից երևում է, որ երկու առաջնորդները, համաձայնության չգալով որոշակի բովանդակային հարցերում, փորձել են գոնե համաձայնության գալ այն ոչ շոշափելի հարցերում, որոնցում հնարավոր է փոխըմբռնում ունենալ։ Ուստի երկու առաջնորդները, հղում կատարելով Դուշանբեում իրենց խոսակցության վրա, վերահաստատել են շփման գծում կրակի դադարեցման անհրաժեշտությունը և ուղղակի շփման մեխանիզմի կատարելագործումը: Նրանք նաև պայմանավորվել են հումանիտար ոլորտում որոշ քայլեր մշակել։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո Ալիևը շտապեց հայտարարել, թե բանակցային ֆորմատը մնաց անփոփոխ, քանի որ բանակցությունները շարունակվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ալիևը չմոռացավ խոսել արդեն չարկչրկված ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերի և «օկուպացված տարածքներից» հայկական զինուժի դուրսբերման մասին, իսկ հումանիտար ոլորտում կատարվելիք քայլերի շուրջ համաձայնության մասին ակնարկեց միայն թեթևակի։
Ասպիսով՝ Ալիևի հայտարարության տեքստը հակասում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը։ Եվ Ադրբեջանի նախագահն, օգտագործելով Վիեննայի հանդիպումը, փորձում է ներկայացնել, որ ինքը կարողացավ կանխել բանակցային ձևաչափի փոփոխությունը և Արցախի հարցում իրենց դիրքորոշումը չի փոխվել։ Չխոսելով գոնե այն հարցերից, որոնք որոնց շուրջ Վիեննայում փոխընմբռնում էր ձեռք բերվել՝ ադրբեջանական կողմը ցույց է տալիս, որ իրենք շահագրգռված են բանակցությունները դեպի տապալում տանելու, որի արդյունքում հարմար պատրվակ կստեղծեն ռազմական գործողությունների վերսկսման համար։