Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով, առանձին հարցերի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր ու տվյալներ ստանալու համար այսօր առանձին երկու գրությամբ ևս դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:
Հաշվի առնելով, որ Երևան քաղաքի Ազատության հրապարակի համալիրը, ինչպես նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը հանդիսանում են հանրապետական նշանակության հուշարձաններ, դրանց պահպանման տարածքում կառուցապատումների իրավաչափությունը ստուգելու նպատակով գրություններից մեկով Երևանի քաղաքապետարանից պահանջվել են նշված հուշարձանների պահպանության գոտիների տարածքներում սրճարանների և մյուս օբյեկտների տեղադրման կամ շինարարության աշխատանքների իրականացման բոլոր փաստաթղթերի պատճենները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հողամասեր տրամադրելու մասին Երևանի քաղաքապետի որոշումներին, դրանց հիման վրա տրված գլխավոր հատակագծերին, եզրակացություններին, շինարարական աշխատանքների հաստատված նախագծերին, տրված շինթույլտվություններին, կնքված պայմանագրերին, դրանց պետական գրանցման, քանդման թույլտվությունների վերաբերյալ փաստաթղթերին, ինչպես նաև հուշարձանների պահպանության գոտիներում սրճարանների և մյուս օբյեկտների շինարարական և այլ տեսակի աշխատանքների կատարման համար լիազորված մարմնի կողմից տրված թույլտվություններին: Բացի այդ՝ գրությամբ համապատասխան տեղեկատվություն է ակնկալվել նաև նշված տարածքում անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող, ինչպես նաև առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացրած տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ:
Երկրորդ գրությունը վերաբերում է մամուլում, մասնավորապես «Հրապարակ» օրաթերթի մարտի 21-ի համարում հրապարակված համապատասխան հոդվածին, համաձայն որի Երևանի քաղաքապետարանն անցյալ տարի շուրջ 400մլն դրամի 9 «ԿամԱԶ» մակնիշի մեքենա է ձեռք բերել՝ մեկ անձից գնում կատարելով, առանց մրցույթ հայտարարելու: Մինչդեռ, ըստ հրապարակման, եթե մրցույթ լիներ, և այլ ընկերություն հաղթեր, հնարավոր կլիներ մոտ 13մլն դրամ խնայել քաղաքային բյուջեից: Հոդվածում տեղեկատվություն էր հրապարակվել նաև քաղաքապետարանի կողմից շուրջ 90 մլն դրամ ընդհանուր արժեքով 24 միավոր կոմունալ մեքենա գնելու նպատակով նախաձեռնված և կասեցված մրցույթի մասին:
Հրապարկման մեջ նշվող հանգամանքները սահմանված կարգով քննարկման առարկա դարձնելու նպատակով այս գրությամբ Երևանի քաղաքապետարանից պահանջվել է նաև ներկայացնել «ԿամԱԶ» մակնիշի մեքենաների ձեռքբերման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև տրամադրել տեղեկատվություն՝ 24 միավոր կոմունալ մեքենաների գնման նպատակով հայտարարված մրցույթի պայմանների և ընթացքի մասին: