18:06
«Սամվել Բաբայանի կողմից բարձրաձայնված ռուսական մանդատի տարբերակն, իմ կարծիքով, բոլորովին իրագործելի չէ». Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հակամարտության սառեցման՝ Սամվել Բաբայանի կողմից բարձրաձայնված ռուսական մանդատի տարբերակն, իմ կարծիքով, բոլորովին իրագործելի չէ: Մանդատ կոչվածը, կամ այս կամ այն տարածքի հանդեպ խնամակալության իրավունքը որևէ գերտերության էր տրվում շատ որոշակի քաղաքական, իրավական համաձայնեցումների արդյունքում ու միջազգային իրավունքի զարգացման պատմական շատ որոշակի փուլում: ՄԱԿ-ի հիմնադրումից հետո այդ պրակտիկան, ըստ էության, դադարեցվել է: Բայց դա դեռ հարցի մի կողմն է: Եթե անգամ նշված մոտեցումը կիրառելի լիներ մեր օրերում, ապա Արցախի համար դա անմիջապես տարածքային կորուստների դուռ կբացեր, քանի որ ստեղծված իրավա-քաղաքական իրողություններում Ռուսաստանը կարող է այդպիսի երևակայական մանդատ ստանձնել նախկին ԼՂԻՄ տարածքի, այլ ոչ թե ներկայիս Արցախի Հանրապետության տարածքի հանդեպ, այն էլ պաշտոնական Բաքվի համաձայնությամբ: Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները պարտադրված են համադրելու իրենց ռազմական ներուժն ու քաղաքական-դիվանագիտական հնարավորությունները՝ մեզ համար ընդունելի արժանապատիվ խաղաղության տարբերակն ապահովելու համար, ուստի թող զինվորականներն իրենց գործով զբաղվեն, դիվանագետներն՝ իրենց: Բանակցային ճանապարհով մեր բոլոր, այդ թվում նաև տարածքային, շահերն ապահովելու հնարավորությունները պահպանվում են, բայց այդ ուղղությամբ կոնկրետ մասնագիտական աշխատանք տանելու անհրաժեշտություն կա»:

 

 
Առաջարկում ենք նաև
Լրահոս