Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեւանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանն օրերս անդրադարձավ քաղաքապետարանի հայտարարած՝ 24 աղբատար մեքենաների մրցույթին: Գրառման մեջ հնչած մի քանի դատողություններին փոքր ինչ ուշացումով անդրադառնանք ստորեւ.

 Պարոն Խաժակյանը գրում է. «[Մրցույթի] տեխնիկական բնութագրերը կարծես գրված լինեն հենց Կամազի տվյալ մակնիշի համար և խոչընդոտում են այլ կազմակերպությունների մասնակցությունը այդ մրցույթին»։

Նախ, հիշեցնեմ, որ քաղաքապետարանը վերջերս մրցույթ էր հայտարարել՝ Երեւանում աղբահանությունը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով 24 աղբատար մեքենա ձեռք բերելու համար: Սա, ինչպես հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը, սկիզբն է մի գործըթացի, որի արդյունքում համայնքը ըստ էության կդառնա քաղաքի աղբահանության երկրորդ օպերատորը:

Իրականում, քաղաքապետարանը մրցույթի կազմակերպելիս որեւէ ընկերության հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք չի դրսեւորել. մրցույթի տեխնիկական բնութագրի մեջ դրվել են այն պարամետրերը, մասնավորապես, շարժիչի այն հզորությունը, որը բավարարաւոմ է քաղաքի ռելիեֆի, ճանապարհների և աղբահանության այլ պայմաններին: Որպեսզի, ասենք, բեռնված մեքենաները կարողանան հասնեն աղբավայր: Չէր կարող քաղաքը փոփոխել այդ տեխնիկական պահանջները, որպեսզի այս կամ այն ընկերությունը կարողանար մասնակցել դրան: Ընդ որում, կարեւոր է, որ մրցույթի հիմքում դրված չափորոշիչների մեջ «տեղավորվում են» մի շարք այլ «ոչ ԿամԱԶ-ներ», օրինակ՝ Iveco-ն, Mercedes-ը, Volvo-ն և այլ հայտնի ու ոչ այնքան հայտնի արտադրողներ: Ավելորդ չի լինի նշել, որ 24 մեքենայի մրցույթը հայտարարելուց առաջ Երևանի քաղաքապետարանը գրավոր ծանուցումներ է ուղարկել հատուկ տեխնիկայի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող ավելի քան 20 ընկերությունների և ներկայացուցչությունների ՝ առաջարկելով մասնակցել մրցույթին:

Պարոն Խաժակյանը հարցնում է. «Ինչու՞ է քաղաքապետարանը մրցույթի մեջ նշել Euro-3 ստանդարտը և ոչ թե Euro-5-ը»:
Նախ՝ հստակեցնենք. մրցույթի տեխնիկական բնութագրի մեջ նշված է առնվազն Euro-3 ստանդարտի շարժիչի պայմանը: Այսինքն, մրցույթին կարող էին մասնակցել նաեւ Euro-5 ստանդարտով մեքենա առաջարկող ընկերությունները: 
Բացի դրանից, միջինում յուրաքանչյուր մեքենայի համար Euro-3 և Euro-5 ստանդարտների արժեքի միջեւ կա առնվազն 7 մլն դրամի տարբերություն: Երևանի քաղաքապետարանը գերադասել է ավելի էժան տարբերակը, որը տեխնիկապես, իր հզորությամբ, որևէ կերպ չի զիջում Euro-5-ին: 24 մեքենայի հաշվարկի դեպքում ստացվում է, որ այս մասով Երևանը 175 մլն դրամ է տնտեսել:

Ինչ վերաբերում է նրան, որ ԵԱՏՄ պահանջներով արգելվում է Euro-3 ստանդարտով շարժիչ ունեցող մեքենաների ձեռքբերումն ու շահագործումը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում, ապա նշենք, որ Հայաստանի հետ կնքված լրացուցիչ պայմանագրի համաձայն, «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը ուժի մեջ է մտնում պայմանագրի կնքումից՝ 2014 թվականի մայիսի 29-ից 60 ամիս (5 տարի) հետո: Այս Ժամկետը դեռ չի լրացել: 
***
Ուզում եմ մի անգամ էլ շեշտել, որ աղբատար մեքենաների մրցույթը, ինչպես եւ նախորդ ամսիներին քաղաքապետարանի որեւէ գնման գործընթաց, կազմակերպվել և անցկացվել է օրենքի տառին համապատասխան: Ամեն դեպքում, եթե կա կասկած, որ գնման գործընթացի մեջ տեղ են գտել խախտումներ, ապա, պարոն Խաժակյանին ոչինչ չի խանգարում ներկայացնել փաստերը իրավապահ եւ/կամ այլ իրավասու մարմիններին»: