«Իսկ դուք երբևէ մտածել եք, թե ինչո՞ւ են Խորհրդային Հայաստանի իշխանությունները Միքայել Նալբանդյանի արձանը տեղադրել հատկապես հենց ՊԱԿ-ի կամ էլ ԿԿԲ-ի շենքի հարևանությամբ։ Ի՞նչ ուղղերձ են հղել ժողովրդին:
Աշոտ Հովհաննիսյանի գրքից մի հատված ներկայացնենք. «Գլուխ բարձրացնող ռեակցիայի պայմաններում ցարական ոստիկանները հալածանք սկսեցին անգամ Նալբանդյանի թարմ հողաթմբի շուրջը: Մեռած հեղափոխականը շարունակում է հեղափոխական լինել, թեպետև չի գործում ոչ մի ըմբոստություն»: (Նալբանդյանը և նրա ժամանակը, հ 2):
Դե հասկանալի է Նալբանդյանը ցարիզմի ոխերիմ թշնամին էր ու նույնիսկ մեռնելուց հետո էլ նրան հանգիստ չէին տալու: Բայց չէ՞ որ հիմա խոսքը ցարական իշխանությունների մասին չէ, այլ՝ խորհրդային:
Եթե ցարական ոստիկանները վախենում էին նրա թարմ հողաթմբից, ապա խորհրդային իշխանություններն էլ այդ նույն տրամաբանությամբ վախենում էին արձանից, քանի որ նույնիսկ քարացած հեղափոխականը շարունակում է հեղափոխական լինել: Դրա համար էլ արձանը տեղադրել են այնպիսի մի վայրում, որը միշտ տեսանելի ու վերահսկելի կլինի, իսկ անհրաժեշտության դեպքում էլ հնարավոր կլինի րոպեների ընթացքում այն ապամոնտաժել ու տանել հարցաքննության, ինչու չէ՞ նաև կտտանքների:
Բայց չէ, կատակը մի կողմ: Նալբանդյանը ազատության ու պայքարի խորհդանիշն է, իսկ ՊԱԿ/ԿԿԲ-ն՝ բռնապետության, հալածանքների ու ստրկության: Ի՞նչն է ի վերջո միավորում այս երկու խորհդանիշներին:
Եթե ընդհանուր տեսարանին շատ երկար նայենք, ապա կտեսնենք, որ արձանն ու շենքը պարբերական շփումների մեջ են գտնվում, իրար չեն նայում, բայց խոսում են:
Ենթադրում եմ, որ Խորհդային իշխանությունները Նաբանդյանի կերպարը փորձել են ներկայացնել համակարգային լոյալ փիլիսոփայի կարգավիճակով՝ իրենց համար ընդուելի ու ընկալելի կերպարով: Նույն կերպ վարվել են նաև Գերցենի հետ:
Անկախ ամեն ինչից Նալբանդյան փողոցի բազմամշակույթայնությունը տպավորիչ է՝ Ոստիկանություն, Նալբանդյան, ԱԱԾ, Սախարով և այսպես շարունակ»: