Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է պարզաբանումներ «Արմնյուզ» հեռուստաընկերության վաճառքի կապակցությամբ.

««Արմնուզ»-ի վաճառքը բուռն քննարկման առարկա դարձավ մեդիայում: Հաշվի առնելով այդ իրադարձության հանդեպ հետաքրքրությունը եւ սոցցանցերի օգտատերերի հարցադրումները Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին , հակիրճ ներկայացնեմ խնդրի իրավական/իրական կողմը:

1.Թվային մուլտիպլեքսում գործելու արտոնագիր ստացած հեռուստառադիոընկերություններն անկախ սեփականության ձեւից (ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ) կարող են վաճառվել եւ գնվել, ինչպես եւ ցանկացած բիզնես կամ ծառայություն: 

2.Գործող օրենսդրության համաձայն առուվաճառքի գործարքի մասնակիցները պարտավոր չեն տեղեկացնել այդ մասին ՀՌՀ-ին եւ թույլտվություն ստանալ Հանձնաժողովից:

3. Օրենսդրությունը արգելում է մի շարք անձանց եւ կազմակերպություններին (պատգամավորներ, կառավարության անդամներ, դատավորներ, կուսակցություններ եւ այլն) լինել հեռուստառադիոընկերությունների մասնակիցներ/բաժնետերեր: Այս պարագայում գնորդների մեջ (ըստ գնորդ «քառյակի» հայտարարության) այդպիսի անձիք չկան: ՀՌՀ իրավասություն չունի ստուգել հեռուստատեսության համար վճառված գումարի օրինականությունը: 

4.Ինչպես եւ ցանկացած իրավաբանական անձի դեպքում հեռուստառադիոընկերության գործունեության համար պատասխանատու են, ոչ թե փայատերերը կամ բաժնետերերը, այլ ընկերության տնօրինությունը: 

5. ՀՌՀ-ի որպես կարգավորիչ պետական մարմին մշտադիտարկման, հեռուստառադիոընկերությունների հաշվետվությունների, ստուգումների եւ այլ գործիքների միջոցով ապահովում է հեռարձակողների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը, տրված արտոնագրերի պայմաններին եւ մրցույթին ներկայացված զարգացման ծրագրին: Եւ եթե նույն «Արմնուզ»-ը խախտումներ թույլ տա, ապա կենթարկվի օրենքով սահմանված սանկցիաներին, անկախ սեփականատերերի կազմից կամ կազմի փոփոխությունից:

Սա է ամբողջ պատկերը: Հավաստիացնում եմ, որ այլեւս չի գործում «դաբրո»-ների մերժելի ինստիտուտը, ոչ մի իշխանական կառուց նախկինի պես չի որոշում, ում եւ ինչ պայմաններով են տրամադրվում կամ վաճառվում ԹիՎի-ները եւ հաճախականությունները, չեն նշանակվում վերեւից ԹիՎի-ների «ատվեչայները» (կներեք կրիմինալ ժարգոնի համար, բայց ոչ վաղ անցյալում հենց այդպես էլ կոչվում էին հեռուստաալիքի գործունեության պատասխանատուները): Լրատվամիջոցներն այսօր ազատ են իշխանությունների միջամտությունից, իսկ ՀՌՀ-ն գործում է համաձայն օրենքների պահանջների:

Ուստի սոցցանցերում հնչող «ու՞ր է նայում ՀՌՀ-ն», «ՀՌՀ-ն ասելիք չուն՞ի» «վերադարձրեք Արմնյուզի կապուղին ժողովրդին» տիպի բացականչությունները անբովանդակ են, որեւէ առնչություն չունեն օրինականության եւ իրականության հետ:
Եւ գիտե՞ք ինչն է ամենատարորինակը: Որ այդպիսի կոչերը՝ «խլել», «արգելել» «զրկել» «ու՞ր է ասելիքն ու անելիքը» հնչեցնում են ոչ միայն շարքային քաղաքացիները (նրանք պարտավոր չեն հապապատասխան գիտելիքներ ունենալ), այլ նաեւ իրենք իրենց քաղհասարակության երեւելի դեմքեր, խոսքի ազատության բնագավառում անհերքելի հեղինակություն համարող անձիք, որոնք ազդեցություն ունեն հանրային կարծիքի վրա: Չգիտեմ, ինչո՞վ են նրանք տարբերվում «Ա1+» փակողներից, եւ արդյո՞ք հասկանում են, թե ինչ է ազատությունը, ազատականությունը, ժողովրդավարությունը, օրենքը...»: