Քաղաքական կուսակցությունների համար կուսակցական վերնախավի փոփոխությունը ճիշտ ժամանակին կարող է հնարավորություն տալ կուսակցություններին խուսափելու դասական լճացման պրոցեսից եւ բռնելու արդիականացման ուղին:
Քաղաքական կուսակցությունների ղեկավար կազմի փոփոխությունը խորթ երեւույթ է հետխորհրդային տարածքին, դա ավելի շատ բնորոշ է եվրոպական զարգացած քաղաքական մշակույթին, չնայած, օրինակ, երկրներ կան, որտեղ կառավարող կուսակցությունների նախագահները երկար տարիներ շարունակում են մնալ այդ երկրիների ղեկավարները՝ չունենալով կուսակցության նախագահի պաշտոնը թողնելու ցանկություն:
Հետխորհրդային տարածքի երկրներից բացառություն չէ նաեւ Հայաստանը, որտեղ կուսակցական սերնդափոխությունը եթե չասենք՝ առհասարակ տեղի չի ունեցել, ապա, նվազագույնը, բավարար տեմպերով ու ժամանակին համընթաց չի իրականացվում:
Տարիներ շարունակ իշխանական եւ ընդդիմադիր կուսակցությունները հանդես են եկել նույն դեմքերով, ղեկավար կազմի հնացած գործիչներով, բառացիորեն՝ ձեւով նույնը՝ առանց բովանդակային ու փիլիսոփայական փոփոխությունների:
Քաղաքական սերնդափոխությունը լայն իմաստով նաեւ ենթադրում է սերնդափոխության շարունակություն նաեւ քաղաքական համակարգի հիմնական ինստիտուտի՝ կուսակցության մեջ: Սերնդափոխությունը չափազանց կարեւոր գործընթաց է քաղաքականության մեջ, առանց որի հնարավոր չէ հասկանալ քաղաքականության տրամաբանությունը, ժամանակակից առանձնահատկությունները, քաղաքական գործընթացներում երեւույթների միջեւ կապը եւ այլն:
Քաղաքական համակարգի եւ կուսակցական համակարգերի կենսունակությունն ու ճկունությունն ապահովելու համար անհրաժեշտ է սերնդափոխություն: