Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց թիմերը վերադարձան Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող աշխարհի առաջնությունից:
Երկամարտի 435 կգ արդյունքով 21 ամյա Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Երկամարտի 450 կգ արդյունքով Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:


8 տարվա դադարից հետո աշխարհի առաջնության ոսկե մեդալը եկավ Հայաստան։ Ցնծում էր ամբողջ Հայաստանը, ու այդ առիթով Զվարթնոց օդանավակայանում հավաքվել էին ծանրամարտիկների հարազատներն, ընկերներն ու մարզաասերները։
Ինչ խոսք, Սիմոն Մարտիրոսյանի հաղթանակը մեզ հպարտանալու առիթ է տալիս, ծանրամարտիկը, բացի նրանից, որ այդքան երիտասարդ տարիքում դարձել է աշխարհի չեմպիոն, հասցրել է նաև սահմանել ռեկորդ հրում վարժությունում, բարձրացնելով 230 կգ, ինչից հետո սահմանեց ևս մեկ ռեկորդ՝ բարձրացնելով 240 կգ։


Սա անկասկած անսահման աշխատասիրության ու կամքի ուժի դրսևորման արդյունքն է։ Այս հաղթանակները, որ գրանցեցին մեր մարզիկները, գուցե և անհնար լինեին առանց այն մարդկանց աջակցության, ովքեր միշտ նրանց կողքին են եղել։ Անգնահատելի է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կատարած աշխատանքը, ով այն մարդկանցից էր, ով կանգնած է սպորտի ակունքներում, ամեն ինչ անում է ապորտի զարգացման համար, թե՛ իր ներդրումներով, թե՛ սպորտդպրոցներ կառուցելով և թե՛ մարզիկներին խրախուսելով, ու աշխատավարձ վճարելով։
Միայն այն փաստը, որ մեր մարզիկները օր ու գիշեր մարզվում են, առանց մտածելու, որ պետք է գումար վաստակեն իրենց կարիքները հոգալու համար, արդեն իսկ նրանց մղում է դեպի նորանոր հաջողությունները։ Այսպիսով ՀՀ-ում ամեն ինչ արվում է, որպեսզի մեր մարզիկները մարզվեն հարմարավետ մարզադահլիճներում, չունենան ոչնչի կարիք և մտածեն միայն հաղթանակի մասին։


Հենց այս պայմաններում մարզված մարզիկներն են, որ այսօր միջազգային հարթակներում ծածանում են մեր դրոշը, ու հենց նրանց շնորհիվ են բոլորը հոտնկայս լսում Հայաստանի հիմնը։ Այսպիսով Հայաստանը էլ ավելի ճանաչելի է դառնում մեր մարզիկների շնորհիվ, իսկ նրանց համար անհանգստացող ու նրանց հաղթանակներով ուրախացող մարդիկ միշտ կանգնած են իրենց կողքին։