Նոյեմբերի 3-ին Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որը հաջորդել է երկու երկրների միջև գործող Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդի 7-րդ նիստին։
Մամուլի ասուլիսից ուշադրության են արժանի հատկապես Էրդողանի խոսքերը Ղրիմի թաթարների վերաբերյալ. «Մենք վերահաստատեցինք մեր մոտեցումը առ այն, որ մենք աջակցում ենք Ուկրաինայի ինքնավարության, տարածքային ամբողջականության և քաղաքական միասնության պահպանությանը։ Կրկին շեշտեցինք այն, որ չենք ճանաչում և չենք ճանաչելու Ղրիմի անօրինական անեքսիան»։
Այնուհետև Էրդողանը շեշտել է Թուրքիայի պատրաստակամությունը պաշտպանել Ղրիմի թաթարների իրավունքներն ու շահերը։ Դիմելով Պորոշենկոյին՝ նա նշել է. «Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել իմ թանկագին ընկերոջը Ղրիմի մեր թաթար եղբայրներին տեր կանգնելու համար»։
Հաջորդ օրը Անթալիայում բացվել է Ուկրաինայի հյուպատոսությունը, որի բացմանը ներկա է եղել նաև Ղրիմի թաթարների ազգային շարժման առաջնորդներից Մուսթաֆա Ջեմիլևը, ում դուք կարող եք տեսնել կից նկարում՝ նախագահ Պորոշենկոյից ձախ։