Զամանլուի կամուրջը՝ 19-րդ դարի վերջի լուսանկարում.
Զամանլուի (Զամառլու), կամ՝ Շահալիի երկաթուղային կամուրջը գտնվում է Լոռվա լեռնանցքի գեղատեսիլ կիրճում, Փամբակ գետի ձախակողմյան վտակ Զամանլու (այժմ՝ Վահագնի) գետակի վրա, Վահագնաձոր գյուղի մերձակայքում։ Կառուցվել է 19-րդ դարի վերջին՝ Թիֆլիս-Ղարաքիլիսա-Ալեքսանդրապոլ երկաթուղու կառուցման ընթացքում։ 


Զամանլուի կամուրջն իր ժամանակի համար բավականին բարդ լուծումներով ինժեներական կառույց է հանդիսացել և համարվել է բացառիկ՝ Հարավային Կովկասում նմանատիպի կառույցների շարքում: Աշխատանքների հիմնական դժվարությունները կապված էին լեռնային պայմաններում կամրջի առանձին ֆերմաների տեղափոխման, հավաքման և տեղադրման հետ: 1898-ի հոկտեմբերին կամուրջն արդեն պատրաստ էր, և նրա վրայով անցավ առաջին գնացքը, որում, ըստ ավանդույթի, գտնվում էին կառույցի պատասխանատուների՝ գերմանացի ճարտարագետների ընտանիքի անդամները: 


Կամուրջն ունի 256 մետր ընդհանուր երկարություն, հենասյուների բարձրությունը՝ մոտ 30 մետր է: 2012-ին Զամանլուի հին կամրջին զուգահեռ կառուցվել է նոր երկաթուղային կամուրջ, և գնացների երթևեկությունը ներկայումս ընթանում է այդ նոր կամրջով: