Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ, «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության միջազգային կապերի գծով նախագահ Ժան-Ժակ Ֆլաոն և նույն կուսակցության միջազգային կապերի փոխնախագահ Ջուլի Սզման այցելել են Արցախ։
Այցը, իհարկե, չի վրիպել Ադրբեջանի աչքից, ու նրանց ԱԳ նախարարությունը քննարկում է երկու գործիչներին պետության «սև ցուցակում» ներառելու հարցը։
Ժան-Ժակ Ֆլաոն նույնիսկ Բելգիայում Ադրբեջանի դեսպանատնից էլեկտրոնային նամակ է ստացել, որտեղ իրեն «ահաբեկիչ» են անվանել։ Նրա խոսքերով՝ ադրբեջանցիների այդ հիստերիկ քայլերն ամբողջությամբ հակառակ ազդեցություն են թողնում, քանի որ այդքանից հետո նա ավելի շատ է սիրում Արցախն, ու ավելի է ամրապնդվել Արցախի բարեկամը լինելու իր պատրաստակամությունը։
Ես ճանաչում եմ ևս մարդկանց, ովքեր այցելել են Արցախ, որից հետո հայտնվել են այդ «սև ցուցակ» կոչվածում, բայց դրանից հետո գրեթե բոլորը սկսում են ավելի շատ այցելել ու ավելի շատ սիրել Արցախը։ Ադրբեջանը նման քայլով աշխարհի տարբեր մասերում ապրող մարդկանց պարզապես կապում է Արցախի հետ, քանի որ ստիպողաբար հեռու պահելու նրանց այդ փորձը պարզապես ձախողվում է հենց իրենց աչքի առաջ։