Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում (1-ին անգամվա քվեարկությանը) քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով, հետևաբար 7-օրյա ժամկետի ավարտից հետո պատգամավորները պետք է քվեարկեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուի կամ թեկնածուների օգտին կա՛մ դեմ, կա՛մ ձեռնպահ։
Եթե այս անգամ էլ քվեարկությամբ վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակված կհամարվի։
Միաժամանակ հիշեցնում եմ, որ այս պահին գործող Ազգային ժողովի լիազորություններն ամբողջ ծավալով շարունակվելու են մինչև արտահերթ ընտրություններով ընտրված նոր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահը։