Ժողովրդական խոսքի մեջ հաճախ է լսվում «թացն ու չորը խառնվել են իրար», որն ընկալվում է որպես իրողությունների և երևույթների խեղաթյուրում։
Ճշտի և սխալի, չարի ու բարու, արդարի և անարդարի հասարակական ընկալումն ու մատուցումը դուրս են եկել բանականության սահմաններից, քանի որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով լղոզվել և անտեսանելի են դարձել դրանց բաժանարար գծերը։
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և վիրտուալ իրականության ձևավորման ժամանակաշրջանում վախկոտը դառնում է քաջ, հիմարը՝ խելոք, իսկ իր բնույթով նապաստակը ձևափոխվում է գայլի։
«Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ունենալու» իրավունքը դարձել է բացարձակ և առանձնահատուկ ընդլայնված տարածում է գտել վիրտուալ իրականության մեջ՝ սոցիալական ցանցերում։
Մարդիկ, որոնք երբեք համարձակություն չեն ունեցել ուղիղ նայել դիմացինի աչքերի մեջ և արտահայտել որևէ հոդաբաշխ միտք, դարձել են բլոգերներ և իրենց անբովանդակ ու վիրավորանք պարունակող մտքերով փորձում են կայացնել իրենց չկայացած և կայանալու որևէ հույս չներշնչող «ես»-ը։
Ինչո՞ւ են մարդիկ վախենում հանդես գալ իրենց անունով, ինչո՞ւ են ամաչում ցույց տալուց իրենց իսկական ֆիզիկական դեմքը։
Պատասխանը մեկն է. չունեն այդ դեմքը և ունեն բնազդային վախ և սարսափ իրենց անունով հանդես գալու։
Կարծում եմ՝ սա պետք է դառնա սոցիոլոգիայի և հոգեբուժության ոլորտի մասնագետների հատուկ հետազոտության առարկա։
Իսկ մինչ այս երևույթին մասնագիտական գնահատական տալը սոցիալական ցանցերի իրական օգտատերերին հորդորում եմ արհամարհել կեղծ անուններով և առանց դեմքի օգտատերերի գրառումները, իսկ լրատվամիջոցներին՝ անհապաղ հեռացնել վիրավորանք պարունակող բոլոր մեկնաբանությունները, իսկ կրկնվելու դեպքում՝ արգելափակել նրանց մուտքը։