Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետ Նաջմեդդին Սադիկովը հոկտեմբերի 23-ին մեկնել է Իսրայել: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա հանդիպումներ կունենա իր պաշտոնակցի՝ Իսրայելի պաշտպանության նախարարի հետ, կայցելի ռազմաարդյունաբերական համակարգի մի շարք ընկերություններ:

Անցած սեպտեմբերին Ադրբեջան էր այցելել Իսրայելի պաշտպանության նախարար Լիբերմանը: Ռուսաստանից հետո Իսրայելն Ադրբեջանին սպառազինությունների երկրորդ մատակարարն է:

Իսրայելը շարունակում է մնալ Ադրբեջանի ռազմավարական, ռազմա-տեխնիկական կարևորագույն գործընկեր։ Չնայած Իրանի բացասական արձագանքներին' ադրբեջանա-իսրայելական ռազմա-քաղաքական, տնտեսական դաշինքը շարունակում է ամրապնդվել։

Բաքուն ղարաբաղյան հարցը ցանկանում է լուծել ռազմական ճանապարհով։ Այդ ուղղությամբ իր նպատակներին հասնելու համար Ադրբեջանը կհամագործակցի ցանկացած երկրի հետ' Իսրայել, Պակիստան, Ուկրաինա' անտեսելով Թեհրանի, Մոսկվայի կամ այլ կենտրոնի «մեսիջներն» ու նախազգուշացումները։

Մի քանի տարի առաջ Wikileaks-ի հրապարակած ամերիկացի դիվանագետների գաղտնի զեկուցագրերից մեկում նշվում էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բնութագրելով Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները, նշել էր, որ այդ հարաբերություններն այսբերգի են նման, որի 9/10-րդ մասը տեսանելի չէ օտարների աչքերին: Այսինքն' այդ հարաբերություններն ավելի խորն են, քան կարելի է դատել բաց տեղեկատվական աղբյուրներում հայտնվող ինֆորմացիայից:

Պետք է նշել, որ երկկողմ հարաբերությունների զարգացմանը դրականորեն նպաստում են Ադրբեջանի հրեական համայնքը և կառույցները, ինչպես նաև Իսրայելում գործող ադրբեջանական նմանատիպ կառույցները:

Այսպես՝ Ադրբեջանում գործում են հրեական բազմաթիվ կազմակերպություններ, դպրոցներ, սինագոգներ, կրթական-մշակութային միություններ, որոնց թվում՝ «Սոխնութ» գործակալությունը, բարեգործական «Հեսեդ-Հերշոն» կազմակերպությունը, հասարակական-մշակութային JCC կենտրոնը, երիտասարդական «Գիշել» ակումբը, բացի այդ՝ Բաքվում լույս են տեսնում «Մեր Իսրայել», «Օր-Շելյանու» թերթերը:

Երկրների հարաբերություններում համագործակցության կարևոր ոլորտն էներգետիկ փոխգործակցությունն է: Իսրայելի կարիքների համար ներմուծվող էներգակիրների 45%-ն ունի ադրբեջանական ծագում: