Այսօր ամբողջ օրը քննարկվեց ՀՀ -ում ԱՄՆ հեռացող դեսպան Միլսի հայտարարությունն Արցախի մասով առ այն, որ առանց «գրավյալ տարածքները» հանձնելու կոնֆլիկտի կարգավորում չի լինելու: Սա, իհարկե, լուրջ հարց է, սակայն Միլսի հարցազրույցում կար շատ վտանգավոր այլ հայտարարություն, որն անուշադրության մատնվեց թե հայ հասարակության, թե ԱԳՆ-ի կողմից: Միլսն ասել է, որ Հայաստանից ԱՄՆ-ն ակնկալում է միջազգային հանրության մեջ ամուր դիրքերի հաստատում և պարտականությունների ստանձնում:

Դիվանագետի խոսքերով, այդ պարտականությունները ներառում են այն, որ երբ միջազգային հանրության մեկ այլ անդամ «զբաղվում է ապակառուցողական վարքով, որը խախտում է միջազգային իրավունքը կամ վարքագծի նորմերը», ապա պետք է արձագանքել: Միլսը նշել է, որ ԱՄՆ կառավարության դիրքորոշումն Իրանի մասով այն է, որ Իրանը ներգրավված է աշխարհում ահաբեկչության տարածմանն աջակցելու գործընթացում՝ նշելով, որ ԱՄՆ-ն կուզենար, որ ՀՀ-ն նույնպես ստանձներ պատասխանատվություն նման դեպքերում և քննադատեր միջազգային հանրության ընդունված վարքագծի խախտման դեպքերն առանձին պետությունների՝ այս դեպքում Իրանի կողմից. «Մենք հասկանում ենք, որ երբեմն դժվար է լինում, բայց դա այն է, ինչը մենք ակնկալելու ենք»: