ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Տարեցների միջազգային օրն ու գրել.

Հարգելի բարեկամներ,

 

Ամբողջ աշխարհը հոկտեմբերի 1-ը տոնում է որպես Տարեցների միջազգային օր: Սա հնարավորություն է՝ մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց, ովքեր վաստակել են արժանապատիվ ծերության իրավունքը, և առիթ՝ անդրադառնալու տարեց մարդկանց խնդիրներին ու գտնելու դրանց լուծման ուղիները:
Ընտանիքներում մեծ դերակատարում ունի տան տարեցը՝ տան կայունության պահապանը:

Իսկ տարեցների համար լիարժեք և արժանավայել կյանք ապահովելու համար անհրաժեշտ են մի շարք գործոններ՝ առողջության պահպանում, մատչելի սոցիալական ծառայություններ, զբաղվածության խթանում, մարդկային շփումներ, հասարակական ակտիվություն: Այս հիմնահարցերի լուծման ռազմավարական մոտեցումների ամրագրման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայումս իրականացնում է ծրագրեր, որոնք դեռևս բարելավելու կարիք ունեն: 

Տարեց մարդիկ մեր երկրի մտավոր և հոգևոր ներուժն են, այն կենսափորձի հարստությունը, որը կուտակվել է բազմադարյա պատմության ընթացքում, և մեր պետության շահերից է բխում հնարավորություն ստեղծել լավագույնս իրացնելու այդ կենսափորձը: 

Հետևապես, տարեցների համար կյանքի արժանապատիվ պայմաններ ապահովելը և նրանց նկատմամբ հոգատարությունը պետության ու հասարակության պարտավորությունն են: 

 

Սիրելի ավագ ընկերներ, նախարարության անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում, որ մշտապես շրջապատված լինեք հոգատարությամբ, սիրով ու ջերմությամբ:

Հարգանքով և սիրով` 
Մանե Թանդիլյան
Mane Tandilyan»։