Ուրախալի լուր ստացանք Նյու Յորքից. «Մետրոպոլիտեն» թանգարանում օրեր առաջ բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդեսում ներկայացված է նաև Մշո Սուրբ Կարապետ վանքի 13-րդ դարով թվագրվող փայտյա դուռը, որը փաստորեն 1915 թվականից ի վեր առաջին անգամ է հասանելի դառնում լայն հանրությանը:
Մուշի հռչակավոր Սուրբ Կարապետ վանքը դարեր շարունակ հայ գրչության, կրթության և մշակութային կենտրոնն է եղել և փաստացի հանդիսացել է Հայաստանի երկրորդ հոգևոր կենտրոնը՝ Էջմիածնից հետո: 1915-ի մեծ եղեռնից հետո վանքը թալանվել և հիմնահատակ ավերվել է, հրաշքով է փրկվել միայն նրա դուռը, որի ոդիսականի մասին մենք բազմիցս ենք անդրադարձել: 1212 թվականին հայ վարպետների կողմից ստեղծված Մշո Սուրբ Կարապետի երկփեղկանի փայտյա դուռը հայ միջնադարյան կիրառական արվեստի գլուխգործոցն է համարվում: Ներկայումս այն պահվում է Կանադայում՝ փակ մասնավոր հավաքածուում: Անհավանական սյուժեով արկածային ժանրի մի ֆիլմի է նման այդ դռան հայտնաբերման պատմությունը, որի մասին իր հուշապատումում մանրամասն նկարագրել է ճարտարապետության դոկտոր, երջանկահիշատակ Արմեն Հախնազարյանը: Այդ հուշապատումը տպագրվել էր «Գարուն» ամսագրում 1997-ին:
Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռը 1976-ին 5000 գերմանական մարկով ձեռք էր բերել և իր տանը գաղտնի կերպով պահել էր Ստամբուլում բնակվող Արմեն Հախնազարյանի մտերիմ ծանոթը՝ գերմանացի արվեստագետ Ռիխտերը: Այդ հարցում Ռիխտերին օգնում է նրա թուրք հարևանը՝ պաշտոնաթող բարձրաստիճան մի զինվորական: Այդ զինվորականն էլ, իր հերթին, դրանից ամիսներ առաջ հանգամանքների բերումով գտնվելով Արևմտյան Հայաստանի Մուշ նահանգի քրդաբնակ հեռավոր գյուղերից մեկում, իրեն հյուրընկալած գյուղապետի տան մառանում անսպասելի հայտնաբերում է այդ հին դուռը և հետո կարողանում է այն տեղափոխել Ստամբուլ: Ռիխտերի հրավերով Արմեն Հախնազարյանը գալիս է Ստամբուլ և մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հաստատում է, որ ձեռք բերվածն իրոք անգին գանձ է՝ Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռն է: Այսքանից հետո, սակայն, առաջանում է մի անլուծելի թվացող խնդիր. ինչպե՞ս հանել դուռը Թուրքիայից:
Այդ հարցով Արմեն Հախնազարյանը դիմում է իր մեկ այլ ծանոթի՝ Անկարայում գերմանական դեսպանատան մշակութային կցորդ դոկտոր Ցինզերին: Ռիխտերը դուռը կարողանում է հասցնել Անկարա, որտեղից էլ Ցինզերը, որպես դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյա, իր անձնական ապրանքների հաշվին փոխադրել է տալիս այն Գերմանիա: Այդպիսով՝ դուռը հանգրվանում է Ֆրանկֆուրտ քաղաքի մի արհեստանոցում: Սակայն դռան հետ կապված նորից են առաջանում անհաղթահարելի բարդություններ: Տեղի է ունենում անսպասելին. Ստամբուլում կեղծ մեղադրանքների հիման վրա Ռիխտերը բանտարկվում է և մահանում բանտում՝ սրտի տագնապից: Ռիխտերի մահից հետո Արմեն Հախնազարյանը Գերմանիայում հանդիպում է նրա այրուն և տեղեկանում, որ տիկին Ռիխտերը պատրաստվում է վաճառել դուռը, քանի որ ֆինանսական լուրջ խնդիրների առջև է կանգնել:
Պատմում է Արմեն Հախնազարյանը. «Այդ օրվանից տարիներ անցան, բայց ես միշտ տարբեր առիթներով փնտրում էի մեկին, որ դուռը գնի և փոխադրի այնտեղ, ուր իր միակ արդար տունն է' Հայաստան: Ինձ մտերիմ և բարեկամ մի անձնավորություն ժամանակին հետաքրքրվեց, սակայն մի խորհրդատուի սխալ միջնորդությունը խանգարեց, ուղիղ նպատակից շեղեց, և տարիներ շարունակ հետևողականորեն տարված գործը մնաց ապարդյուն' ձախորդվեց: Անցյալ տարի' 1996-ի աշնանը, Լոնդոնում աճուրդի դրվեց մի բուռ հայոց պատմություն, և մուրճի հարվածով Մշո սուլթան սուրբ Կարապետի դուռը վաճառվեց անհայտ օտարի: Հեռախոսով լսում եմ Մեսրոպ արք. Աշճյանի հուսախաբ ձայնը. «Շատ նեղված եմ, Արմեն, մերոնց զգուշացրի, նրանք այնտեղ էին և ոչինչ չարեցին: Դուռը ոչ հայ մեկը գնեց, չգիտենք' ով…»:
Այդպես, 1996 թվականին, դրանից 20 տարի առաջ հրաշքով հայտնաբերված Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռը Լոնդոնում դրվում է աճուրդի և ընդամենը 50 հազար դոլարով գնվում անհայտ մի անձի կողմից, հայտնի էր միայն, որ նա ազգությամբ հայ չէ: Եվ ահա զարմանալի այս պատմությունը հիմա այսպիսի անակնկալ և ուրախալի զարգացում ունեցավ՝ «Արմենիա» ցուցահանդեսի կազմակերպիչները կարողացել են կապ հաստատել Մշո Սուրբ Կարապետ վանքի պատմական դռան սեփականատիրոջ հետ և Արևմտյան Հայաստանի այդ բացառիկ մասունքը լայն հանրությանը ներկայացնել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում:
Ռուբեն Շուխյան