Այսօր ֆրանսիական Le Monde-ը անդրադարձել է դեռևս 2015 թվականին Ֆրանսիական պետական France 2 հեռուստալիքի եթերում Cash investigation հետաքննական լրագրողական հաղորդման շրջանակներում լրագրողների կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումերին կատարված անդրադարձին:
Հիշեցնեմ, որ պարբերականը անդրադարձել էր Ադրբեջանին՝ նշելով, թե ինչպես է Ֆրանսուա Օլանդը սեղմում բռնապետ Ալիևի ձեռքը, բացահայտել էին մի քանի ֆրանսիացի պաշտոնյաների, ովքեր հանուն խավիարային դիվանագիտության աչք են փակում Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար վիճակի վրա:
Ֆրանսիական պարբերականը պատմում էր նաև, թե ինչպես են Բաքվում հետապնդել իրենց, բռագրավել նյութերը և ընդդիմադիր գործիչների հետ արված հարցազրույցները, ջնջել դրանք:
Ի վերջո, ֆրանսիացի լրագրողները ճիշտ եզրակացության էին եկել' Ադրբեջանը անվանելով բռնապետություն, իսկ Ալիևին՝ բռնապետ:
Դե Ադրբեջանն էլ իր ինֆանտիլիզմն այս անգամ այնքան էր խորացել, որ լուրջ որոշել էին, որ իրենց զրպարտում են' անվանելով բռնապետություն, ու դատական հայց էին ներկայացնել բոլոր նրանց դեմ, ովքեր այսուհետև իրենց ու իրենց նախագահին նման կերպ կանվանեն: Սա ցինիզմ է, թե ինֆանտլիզմ, իրականության զգացումը կորցրած պետության գործունեություն, դեռևս դժվար է հասկանալ:
Այս առնչությամբ, Le Monde-ը սեպտմբերի 19-ին տեղեկացնում է, որ ֆրանսիական արդարադատությունը հաստատել է, որ որ լրագրող Էլիզ Լյուսետի կողմից Ադրբեջանը բռնապետություն անվանելը չէր կարող հիմք հանդիսանալ դատական գործի համար: Վերսալի դատարանը անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից մեղադրանքները՝ նշելով, որ «1881-ի մամուլի ազատության մասին» օրենքը չի թույլատրում օտար պետությանը՝ ֆրանսիական պետության հանդեպ մեղադրանք նախաձեռնել զրպարտության համար:
Նշվում է նաև, որ միայն պետության ներկայացուցիչները կարող են պահանջել փոխհատուցում, եթե նրանք կարծում են, որ վնաս է հասցվել իրենց հեղինակությունը կամ պատվին:
Պարբերականը նաև նշում է, որ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության տվյալներով, սա առաջին անգամն է, որ օտար պետությունը դատական հայց է ներկայացնում ֆրանսիացի լրագրողի վրա:
Այս ամենը ևս մեկ առիթ է հարևան երկրի բռնապետին զգուշացնելու, որ Հայաստանի հանդեպ իր հոխորտանքները հնչեցնելուց առաջ հիշի ու ֆիքսի հետևյալը. ինքն այն պետության ղեկավարն է, որը մամուլի ազատության 180 պետությունների սանդղակում 163-երորդ տեղն է գրավում:
Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին գործերին, ապա պետք է հստակ ձեզ համար ֆիքսեք մեկ այլ բան ևս. Հայաստանի ներքին խնդիրները՝ մերն են՝ հայերինս:
Մենք այն պետությունն ենք, որ միշտ միասնական ենք մեր ազգային անվտանգության հարցերում: Մեր երկրում իշխանություն և ընդդիմություն ադրբեջանական ճակատում չի կարող գոյություն ունենալ:
Ձեր հետ խոսելիս մենք Հայաստան պետություն ենք և հայ ժողովուրդ: Հայաստանում և Արցախում դուք վաղուց ոչ մի հարց լուծել չեք կարող, իսկ ոչ այդքան հեռավոր ապագայում, վստահ եմ, նաև Ադրբեջանում: