Աֆղանստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա' Lapis Lazuli տրանսպորտային միջանցքով աֆղանական առաջին ապրանքները կտեղափոխվեն հոկտեմբերին: Այդ մասին հայտնում է Աֆղանստանի արդյունաբերության նախարարությունը:

Նշվում է, որ կոնտեյներներով տեղափոխվելու են գորգեր և թանկարժեք քարեր, որոնք առաքվելու են Թուրքիա և Հոլանդիա:

Lapis Lazuli տրանսպորտային միջանցքն անցնելու է Աֆղանստանով, հետագայում թուրքմենական Թուրքմենբաշիի նավահանգստով ու Բաքվով ու երկաթգծային կապով դեպի Փոթի, Բաթումի և Թուրքիա:

Ադրբեջանը նավթ և գազ արտահանող երկրից դառնում է տարանցիկ միջանցք տարբեր կենտրոնների համար'Թուրքիայի, ՌԴ-ի ու Իրանի մի կողմից, մյուս կողմից'Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և արդեն իսկ Աֆղանստանի համար:

Բաքուն միլիարդավոր դոլարներ ներդնելով լոգիստիկայի մեջ'Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծ, Ադրբեջան-Վրաստան միջպետական ճանապարհի վերանորոգում, Բաքվի մերձակայքում Ալյաթիի նոր բազմաֆունկցիոնալ նավահանգստի կառուցում և այլն, փորձում է տարանցման համար գումարներ ստանալ և դրանք ուղղել արդյունաբերության և այլ ճյուղերի զարգացման մեջ'հասկանալով, որ նավթի գների տատանումները ուժեղ ազդեցություն են ունենում այդ երկրի բյուջեի վրա:

Նավթագազային ռեսուրսներ արտահանող երկրից 'նավթային ասեղից Ադրբեջանը փորձում է իջնել շեշտը դնելով տրանսպորտային միջանցք'Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք ուղղություններով վերածվելու վրա:

Մոտակա տասնամյակում Բաքվի համար առաջնային են լինելու Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը'ՌԴ-Ադրբեջան-Իրան-Պարսից ծոց-Հնդկաստան ուղղությամբ ապրանքների տարանցումը, Տրանսկասպյան միջանցքը'Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-ԵՄ ուղղությունը, Կենտրոնական Ասիա(Ուզբեքստան, Թուրքմենստան, Աֆղանստան)-Ադրբեջան-Կովկաս-Թուրքիա-ԵՄ ուղղությունը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթծի անխափան աշխատանքի իրականացումն ու սեփական նավթագազային խողովակներով ղազախական, թուրքմենական գազի ու նավթի տարանցման իրականացումը դեպի Թուրքիա և ԵՄ: