Վայոց ձորի Ելփին գյուղում սեպտեմբերի 1 չի եղել՝ ուսումնական տարին չի մեկնարկել գիտության և կրթության օրը: Ծնողները իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկել:
Առաջին հայացքից պատճառը՝ ամիսներ առաջ սկսած աղանդավորության դեմ պայքարի արդյունքում թիրախավորված 4 ուսուցիչներն են եղել, որոնցից միայն մեկն է ավետարանական եկեղեցու հետևորդ, ով երբևէ դպրոցում կրոնական քարոզչություն չի ծավալել:
Իրական պատճառների փաթեթը՝ շատ ավելի բազմաշերտ է:
«Աղանդավորության դեմ պայքար»ի եզրույթի տակ, ներդպորցական խնդիրները վերածվել են համայնքային կոնֆլիկտի՝ հասնելով ծնողների և ուսուցիչների արժանապատվության վերամիավորման անձնական հաշվեհարդարների շեմին:
Գյուղամիջում հավաքված ծնողներին, աշակերտներին ու համայնքի բնակիչներին հանդիպեցի երեկ՝ սեպտեմբերի 3-ին` խոսեցինք խղճի, դավանանքի ազատության իրավունքից, որ միայն այլ դավանանքի համար ազատում պահանջելը հակասահմանադրական է, որ տնօրենը կամ ուսուցիչը քաղաքական պաշտոն չէ և պայքարի կամ բողոքի ակցիայի առավել արդյունավետ ձևաչափեր մտածեն, որոնք չեն խաթարի կրթույթուն ստանալու իրավունքի իրականացման գործընթացը և խնդրեցի հստակ ձևակերպել ծնողների պահանջները և ներկայացնել Վայոց ձորի մարզպետարան:
Ծնողների հետ սեպտեմբերի 5-ին նշանակվել է հանդիպում մարզպետարանում, որի ընթացքում կքննարկենք հիմնախնդիրներն ու դրանց լուծման ձևաչափերը՝ օր առաջ կրթական գործընթացը վերականգնելու համար: Հանդիպումներ ունեցա նաև ուսուցիչների և տնօրենի հետ:
Մինչ այդ, իմ նշանակումից հետո, ամիս ու կես տևած հետևողական հանդիպումների ընթացքում քննարկել էինք իրավիճակը, հանդիպել ուսուցիներին, համայնքապետին, բողոքող ծնողներին ու համայնքի բնակիչներին ովքեր այս կամ այն կերպ ներգրավված են եղել գործընթացներում: Վերոհիշյալ գործընթացը բուռն զարգացում է ունեցել, ապրիլին, երբ 4 ուսուցիչների բողոքի հիման վրա՝ պաշոտնի չարաշահման համար քրեական գործ է հարուցվել դպրոցի տնօրենի վրա, և երբ համագյուղացիների անուններով ուսուցիչների կողմից նամակ է գնացել ՀՀ Մարդու իրավունքի պաշտպանին:
Քանի որ օրենքով դպրոցում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման ապահովումը նախևառաջ տնօրենի պարտականությունն է, ուստի առաջիկայում տնօրենի աշխատանքից սկսած կվերանայվեն և հստակ գնահատականներ ու համապատասխան քայլեր կիրականացվեն ողջ անձնակազմի գործելակերպի և վերջին ամիսներին դպրոցում իրականացած գործընթացների վերաբերյալ՝ այլևս բացառելով դպրոցի հետ կապված գործընթացներում կրոնական, կուսակցական քաղաքական ենթատեքստերն ու դրանցով ուղղորդված ակցիաները:
Օգոստոս ամսին ՀՀ կառավարությանը ենթակա Կրթության տեսչական կոմիտեի կողմից Վայոց ձորում իրականացած բոլոր դպրոցների ստուգումների, այդ թվում նաև Ելփինի դպրոցի ստուգուման արդյունքները ստանալուն պես կտրվի համապատասխան ընթացք՝ ամրագրված խախտումներին համապատասխան:
Ի դեպ Ելփին դպրոցի գյուղապետարանի առջև հավաքված աշակերտներին խոստացել եմ, որ միասին շուտով կմեկնարկենք ուսումնական տարին: Նոր սեպտեմբերի 1 կունենանք:
Կրթական հաստատության, համայնքի, մարզպետարանի համար ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ պետք է իրապես համարվի հանրային շահ:
Առաջիկա ընթացքի մասին կրկին հրապարակային կտեղեկացնեմ:
Սիրով՝ ձեր Նանե Ասատրյան/Բագրատունի