Շա՜տ հետաքրքիր պատմություն հայկական կոնյակի, Անաստաս Միկոյանի, սովետա-ճապոնական հարաբերությունների մի դրվագի մասին՝ Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոյից:

Երեկ՝ որպես Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ, պատիվ ունեցա մասնակցելու Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոյի պատվին տրված պաշտոնական ընթրիքին, որի ընթացքում Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն մի շա՜տ հետաքրքիր պատմություն հիշեց:

Տարո Կոնոյի պապը՝ 1950-1960-ական թթ. Ճապոնիայի հայտնի քաղաքական գործիչներից մեկը, ով տարբեր տարիների զբաղեցրել է երկրի պետնախարարի, գյուղատնտեսության, ձկնորսության, շինարարության նախարարի և այլ պաշտոններ, 1964 թ. մայիսին Տոկիոյում ընդունում է սովետա-ճապոնական բանակցություններ վարելու նպատակով Ճապոնիա ժամանած Անաստաս Միկոյանին:

Ընթրիքի սեղանի շուրջ, ըստ Ճապոնիայի ԱԳ նախարար Կոնոյի հուշերի, Անաստաս Միկոյանը Իչիրո Կոնոյին առաջարկում է փորձել հայկական կոնյակ՝ հասկանալու, թե ինչ որակով խմիչք է այն, և կանաչ լույս վառելու հայկական կոնյակի՝ Ճապոնիա արտահանելու թույլտվություն ստանալու համար:

Իչիրո Կոնոն, ով կյանքում երբեք որևէ ալկոհոլային խմիչք չէր խմել, այդ մասին տեղեկացնում է Անաստաս Միկոյանին և խնդրում ըմբռնումով մոտենալ իր մերժմանը, ինչին ի պատասխան Անաստաս Միկոյանն առաջարկում է այդուհանդերձ փորձել, ինչի դիմաց խոստանում է փոխադարձ զիջման գնալ մեկ ուրիշ հարցում:

Պետնախարար Կոնոն խմում է հայկական կոնյակը, շատ հավանում այն և հանձնարարում կանաչ լույս վառել՝ Ճապոնիա հայկական կոնյակի ներմուծման համար:

Իսկ ի պատասխան Անաստաս Միկոյանի՝ մեկ ուրիշ հարցում փոխադարձ զիջման գնալու խոստման, Իչիրո Կոնոն Միկոյանին ասում է հետևյալը. «Պարո՛ն Միկոյան, դուք չափազանց կոշտ բանակցողի համբավ ունեք Տոկիոյում: Որպես Ձեր խոստում ապահովեք, որ ձկնորսությանը վերաբերող խնդրահարույց իրավիճակը ես քննարկեմ անձամբ Նիկիտա Խրուշչևի հետ»: