Թուրքիան մտադրություն ունի ռազմաբազա հիմնել Նախիջևանի տարածքում։ Նման տեղեկություն է հրապարակել թուրքական «Սյոզջու» պարբերականի սյունակագիրներից Զեյնեփ Գյուրջանլըն իր հերթական հոդվածում։
Թուրքական ԶԼՄ-ներով այս տեղեկության տարածումը կարող է ունենալ զոնդաժի բնույթ'Անկարան ստուգում է Մոսկվայի, Բաքվի, Թեհրանի ու Երևանի արձագանքն այս տեղեկությանը: ՌԴ-ին ու Իրանին, որպես տարածաշրջանային տերություններ Նախիջևանում թուրքական ռազմաբազային ստեղծումը ձեռնտու չէ և կարող է հանգեցնել կոշտ արձագանքների:
Բացի այդ, Նախիջևանում ռազմակայանի ստեղծումը ուղիղ ազգային անվտանգության ու տարածքային ամբողջականության սպառնալիք է նաև ՀՀ-ին'Երևանի և Սյունիքի հարևանությամբ թուրքական զորքերի առկայությունը լրացուցիչ զորքերի և զինտեխնիկայի տեղակայման անհրաժեշտության կհանգեցնի:
Թուրքական ռազմակայանի տեղակայումը կփոխի ուժերի բալանսը այս տարածաշրջանում, ինչպես նաև Բաքվին լրացուցիչ ազատություն կտա ղարաբաղյան ուղղության վրա'ապահովություն զգալով Նախիջևանի համար:
Պետք է նշել, որ Անկարան տարիներ շարունակ տնտեսապես և այլ լծակներով էքսպանսիա է իրականացնում Նախիջևանում:
Թուրքիան ազատ տնտեսական գոտի է ստեղծում Նախիջևանի հետ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեքչին։
Վերջերս Անկարայից հայտարարություններ են հնչել այն մասին, որ նրանք ցանկանում են Կարսից երկաթգիծ կառուցել դեպի Նախիջևան. Թուրքիա–Նախիջևան–Իրան տարանցիկ միջանցքի միջոցով թուրքական ապրանքները հասնելու են թե Նախիջևան, թե իրանական շուկաներ։
Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Նախիջևանը միշտ էլ դիտարկվել է որպես ՀՀ–ի ու Իրանական Ադրբեջանի դեմ գործելու «գործիք» ու պլացդարմ (Սյունիքին սպառնալու ու հետագայում Ադրբեջանի հետ պանթուրքիստական ռազմավարության շրջանակներում միանալու համար)։ Թուրքիան ցանկանում է «կլանել» Նախիջևանն, այդ թվում Իրանի ազդեցությունն այնտեղ զսպելու համար։
Տնտեսական, տրանսպորտային և այլ նախագծեր իրականացնելով նրանք ցանկանում են Նախիջևանը դարձնել Հարավային Կովկասում սուբյեկտ, գործոն: