Երբ ուսումնասիրում ես Համաշխարհային պատմությունը, հասկանում ես, որ պատմության ընթացքում յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր յուրահատկությունները և յուրովի հետաքրքրությունը: Մարդկության պատմության ժամանակաընթացքում բավականին հետաքրքիր մի շրջան էր Միջնադարյան Եվրոպայի պատմության ժամանակաշրջանը: Ժամանակաշրջան, երբ Եվրոպան կրոնական հալածանքների մի հսկա թատերաբեմ էր: Ժամանակաշրջան, երբ գիտական միտքը բախվում էր կամ հալածվում խավարամիտ միջնադարյան կաթոլիկ եկեղեցու ու նրա կողմից ստեղծված Սուրբ Ինկվիզիցիայի կողմից: Ընդհանրապես Ինկվիզիցիան այդ ժամանակվա Եվրոպայի ամենաասարսափելի երևույթներից էր: Դա փաստացի «Հերետիկոսական մեղսագործությունների հետաքննության սուրբ բաժինն էր»: Ինկվիզիցիան, որը ստեղծվել էր կաթոլիկ եկեղեցու կողմից 1200-ականներին, հետագայում իր լայն տարածումը գտավ Իսպանիայում: Հատկանշական էր այն, որ Իսպանական Ինկվիզիցիան պայքարում էր, ոչ միայն եկեղեցու տեսակետները չընդունողների կամ հերետիկոսների դեմ, այլև հրեաների: Միջնադարյան Եվրոպայում հրեաները զգալիորեն հալածվում էին Իսպանիայում: Իսպանական Իկվիզիցիայի և ընդհանրապես Ինկվիզիցիայի ողջ շրջանի ամենահայտնի դեմքերից մեկը դա իսպանացի հոգևորական և դահիճ Թոմաս Տորկվեմադան էր (1420-1498թթ.): Տորկվեմադան դասական դահիճ էր և պատահական չէ, որ համարվում էր Մեծն Ինկվիզիտոր: Նա անձամբ էր մշակում Ինկվիզիցիայի օրենսգիրքը դատերի և պատիժների արարողակարգը և անցկացումը: Տորկվեմադան հսկայական ազդեցություն ուներ իշխանական արքունիքում և նաև ամբողջ Իսպանիայում: Հերետիկոսության և հրեաների դեմ պայքարի համար նա չէր խորշում դիմել բանտային խոշտանգումների մեթոդին, կամ պարզապես հրապարակային մահապատիժներին' մարդկանց խարույկի վրա այրելու տեսքով: Տորկվեմադայի ազդեցությունը այն աստիճան ուժեղ էր, որ անգամ Իսպանական Ինկվիզիցիայի անմարդկային մեթոդաբանությունից բողոքող Սիքստ 4-րդ պապը չէր կարողանում սաստել նրան: Տորկվեմադայի գործունեության արդյունքում 1400-ականներին տասնյակ հազարավորներն էին այրվել իսպանական քաղաքների հրապարակներում...