Ադամ Խաչատուրի Սահակյան (օգոստոսի 19, 1996, Երևան - ապրիլի 2, 2016, Ջրական (Ջաբրայիլ), Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող, սերժանտ։
Կյանք և ուսում
Ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին Երևանում՝ շինարար Խաչատուր Սահակյանի և լրագրող և ռեժիսոր Գայանե Անտոնյանի ընտանիքում։ Ունի ավագ եղբայր՝ Մուշեղ Սահակյանը։
2002 թվականից սովորել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում, որն ավարտել է 2013 թվականին[3]:
2013 թվականին ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։
Զբաղվել է սպորտով՝ կարատե և ստացել դեղին գոտի։ Զբաղվել է նաև մարտարվեստի այլ տեսակներով, այդ թվում՝ բռնցքամարտով:
Զինվորական ծառայություն
Ադամ Սահակյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2014/2 զորակոչով Կենտրոնի Զինկոմիսարիատից։ 2015 թվականի հունվարի 26-ին զորակոչվել է բանակ։ Ծառայում էր Արցախի Հանրապետությունում։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել էր սերժանտ զինվորական կոչում։
Քառօրյա պատերազմ
Ադամ Սահակյանին նվիրված հուշատախտակ Երևանի Աբովյան փողոցում
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետությունը լայնամասշտաբ հարձակում է գործում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե ամբողջ երկայնքով։ Ադամ Սահակյանը սահմանապահ գումարտակից էր և ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը՝ ժամը 3։00-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի («Լալայկա» կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության։ Սերժանտ Ադամ Սահակյանը, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), ընկնում է Հերոսի մահով՝ առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում, մարմնին և դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից։ Ադամ Սահակյանի՝ թշնամու դեմ մղած 5-ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին:
Ադամի դասարանը
Երևանի համար 114 ավագ դպրոցի պատմության դասասենյակը կրում է հերոս Ադամ Սահակյանի անունը:
Հուղարկավորություն
Ապրիլի 13-ին տեղի ունեցավ Ադամ Սահակյանի հուղարկավորությունը Եռաբլուր զինվորական պանթեոնում: Հոգեհանգիստը տեղի ունեցավ Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
Պարգևներ
2016 թվականի ապրիլի 10-ին Ադամ Սահակյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։
2016 թվականի մայիսի 28-ին Ադամը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով: