2014 թվականի հուլիսի 31-ին ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ջոկատը դիվերսիոն գործողություն կատարեց հայկական դիրքերի ուղղությամբ:
Այդ գործողությունները կասեցնելու ընթացքում հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ հերոսաբար զոհվեցին հայկական բանակի զինծառայողներ Արարատ Վաչիկի Խանոյանը և Ազատ Արթուրի Ասոյանը:
Ադրբեջանական բանակի ղեկավարությունը շատ ծանր տարավ իրենց հատուկջոկատայիններին տված
անհամարժեք պատասխանը՝ հայ երիտասարդ զինծառայողների կողմից:
Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամին կրկին դիվերսիոն փորձ կատարեց: Այս անգամ թշնամու հետ մարտի մեջ մտան ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանը, կրտսեր սերժանտ Սարգիս Բարմենի Մովսիսյանը և իրենց զինակից ընկերները: Ավագ լեյտենանտ Գևորգյանը և կրտսեր սերժանտ Մովսիսյանը զոհվեցին հայրենիքի սահմանները պաշտպանելիս:
Այդ ժամանակահատվածում, տարբեր աղբյուրներին հղում տալով, տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանական բանակն այդ օրերի ընթացքում մեծ քանակությամբ զոհեր և վիրավորներ էր ունեցել, նույնիսկ ռազմական ուղղաթիռները չէին հասցնում դիակներին և վիրավորներին տեղափոխել: Շատ դեպքերում վիրավորներին լցնում էին դիակներով բարձված ուղղաթիռները կամ մեքենաներն ու այդպես տեղափոխում էին մորգեր և հիվանդանոցներ:
2014 թվականի հուլիսի 31-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածը դեռ երկար տարիներ կմնա ադրբեջանական բանակի ամոթալի էջերից մեկը: