Հայաստանի մասին ճանաչողական տեսահոլովակներ պատրաստելու նպատակով մեր երկիր այցելած բլոգեր Nas Daily-ն այցի ավարտին ամփոփիչ տեսանյութ է պատրաստել այստեղ իր կատարած բացահայտումների մասին: Բլոգերը նշել է, որ Հայաստանն այն երկրներից է, որի մասին շատերը գուցե չգիտեն, սակայն այն տարբեր առավելություններ ունի, որոնք արժանի են ուշադրության:

 

Nas Daily-ն պատմությունը սկսել է հայկական ջրի մասին իր կատարած բացահայտմամբ: «Ամեն տեղ, ուր գնացի, ես տեսա փոքր ցայտաղբյուրներ, որոնք մշտապես գործում էին: Ես ապշած էի՝ ինչ է տեղի ունենում Հայաստանում: Մարդիկ փողոցում կանգնում են, ջուր խմում ցայտաղբյուրներից, ապա հեռանում: Կարիք չկա ջուր գնել պլաստիկ շշերով: Ես հիացած էի: Սա անվճար ջրի երկիր է»,- նշել է Nas-ը:

 

Բլոգերը պատմել է Հայաստանի բոլոր դպրոցներում շախմատի պարտադիր դասընթացներ անցկացնելու մասին՝ ընդգծելով, որ այդ հատկանիշով սա աշխարհում միակ երկիրն է: Իսկ դպրոցական կրթությունից զատ հայ երեխաները ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հնարավորություն են ստանում բացարձակապես անվճար սովորել տարբեր հմտություններ, ինչպես ծրագրավորում, երաժշտություն, դիզայն:

 

«Ես հիացած էի, թե ինչպես մի երկիր, որի մասին նախկինում չգիտեի, այսքան շատ բան անում է մյուսներից տարբերվող ձևով»,- նշել է բլոգերը:

 

Նա պատմել է, որ Հայաստանն աշխարհի հնագույն վայրերից է: «Սա առաջին երկիրն է, որն ընդունել քրիստոնեությունը որպես կրոն ու կառուցել առաջին եկեղեցիները»,- նշել է Nas Daily-ն՝ ընդգծելով, որ այսօր այստեղ բնակվելու են գալիս աշխարհի տարբեր ծայրերից:

 

Բլոգերն անդրադարձել է Երևանի Հանրապետության հրապարակի երգող շատրվաններին, որոնք ամեն երեկո իր շուրջն են հավաքում հազարավոր մարդկանց:

 

Նա ընդգծել է, որ Հայաստանն այն երկրներից է, որը բավարար ուշադրության չի արժանանում աշխարհի կողմից: Տեսահոլովակի վերջում համացանցում ավելի քան 7 մլն հետևորդ ունեցող Nas Daily-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին հյուրընկալության համար: