Պատմության մեջ այս օրը' 1940թ. հուլիսի 10-ին պատերազմի շրջանակներում սկսվեց մի շրջան, որը պատմության մեջ մտավ, որպես «Բրիտանիայի համար մղված ճակատամարտի» փուլ: Ֆրանսիայի խայտառակ կապիտուլյացիայից և բրիտանական և ֆրանսիական կենդանի մնացած ուժերի Դյունքերքյան փախուստից հետո գերմանացիների հաջորդ թիրախը Մեծ Բրիտանիան էր, որը փաստացի Արևմտյան Եվրոպայում վերջին դիմադրողական կետն էր: Հուլիսի 10-ին գերմանական լյուֆթվաֆեն իսկ ավելի կոնկրետ ռմբակոծիչները գրոհեցին Լա Մանշ նեղուցում գտնվող բրիտանական նավերը, իսկ որոշները գրոհեցին նաև Ուելսում գտնվող նավաշինարանները: Բրիտանական երկնքում սկսվեց ամիսներ տևած դաժան մի պայքար, որի բրիտանական հաղթական ելքը կարևոր էր, ոչ միայն լոնդոնյան մետրոյում ավիահարվածներից հազարավոր պատսպարվածների համար այլև ողջ Եվրոպայի համար: Չէ, որ եթե Գերմանիան կարողանար տիրեր բրիտանական երկնքին և իրականացներ «Ծովային առյուծ» անունը կրող դեսանտային գործողությունը, ապա դա կլիներ Եվրոպայում դիմադրության ավարտը, իսկ 4 տարի անց էլ «Օվերլորդ» (Դեսանտային ներխուժում Նորմանդիա, Երկրորդ ճակատի բացում) գործողության նախապատրաստման և իրականացման համար Էյզենհաուերը պարզապես տարածք չէր ունենա: