Մենք ցանկանում ենք ունենալ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն այնպես, ինչպես շարադրված է մեր Մայր օրենքի առաջին հոդվածում։
Սահմանադրության օրվա խորհուրդը նոր կարևորություն և իմաստ է ստանում վերջին պատմական իրադարձություններից հետո։
Էական է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի իր անգերազանցելի կարևորության մասին սահմանադրական երկիր կառուցելու գործում։
Առավել ևս՝ մեր երկրի համար նշանակալի փոփոխությունների այս ժամանակահատվածում Մայր օրենքը՝ Սահմանադրությունը, պետք է լինի գերակա։
Ինքնիրավչությունը, չինովնիկական կամայականությունների դրսևորումները, արդարության ոտնահարումը, սեփական անձն ու աթոռը ժողովրդից և հասարակական շահից վեր դասելն ու նմանօրինակ այլ պատվազուրկ օրինակները պետք է բացառվեն։
Այսուհետ մեր երկրի քաղաքացին պետք է զգա, որ ապրում է իրավական պետությունում, ուր պաշտոնյան, ում վստահում և գործուղում է օրենսդիր կամ գործադիր մարմին, այլևս իրեն հուսախաբ չի անելու։
Եվ չնայած ընդունված է այն վարկածը, որ առաջին սահմանադրությունը գրվել է ԱՄՆ-ում, հետո՝ եվրոպական երկրներում, այդուհանդերձ, պետք է հիշել, որ դեռևս 5-րդ դարում' Վաչագան թագավորի «Կանոնական Սահմանադրությունից» մինչև «Որոգայթ փառացը», ձգտել ենք կառուցել իրավական երաշխիքներ ու գաղափարական հենք ունեցող հասարակություն։
Անշուշտ, այդ գործում դեռ շատ անելիքներ կան, բայց վստահ եմ, որ, առաջնորդվելով միասնականությամբ և պետականամետ մտածելակերպով, հաջողելու ենք։
Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ այն համոզմումքով, որ շարունակելու ենք հզորացնել այն Հայաստանը, որով մշտապես հպարտանում ենք։