Մեր տարածաշրջանում մի բան այլ է, քանի որ պատերազմով վախեցնում է այն կողմը, ով ավելի շատ է տուժելու պատերազմից ու տուժելու է ոչ միայն զոհերի քանակով։
Ադրբեջան՝ մի պետություն, որը տարիներ շարունակ տարբեր հարթակներից քարոզել է, որ Հայաստանը թույլ և ոչինչ չունեցող երկիր է, որ Հայաստանը չի կարող վտանգ ներկայացնել իրենից։
Նաև նմանատիպ քարոզի արդյունքում է, որ Ադրբեջանի մի շարք միջազգային կազմակերպություններ ներդրումներ են կատարել, գրասենյակներ բացել և աշխատատեղեր ստեղծել։ Ոչ մի նորմալ կազմակերպություն փորձ չի անի հսկայական գումարներ ներդնելու օտար երկրում, որը պատերազմական իրավիճակի մեջ է ու ցանկացած պահին կարող է որևէ արկ վերջ դնել այդ ներդրումներին ու դրանից ստացվող եկամուտներին։
2016 թվականի ապրիլյան մարտերի ժամանակ պայթեց այն փուչիկը, թե Հայաստանը ռազմական առումով թույլ պետություն է և վտանգավոր չէ Ադրբեջանի համար։ Մի շարք միջազգային կազմակերպություններ նկատեցին, որ այդ «թույլ» պետությունը լավ էլ վտանգավոր կարող է լինել, քանի որ մարտի դաշտում չի զիջում ադրբեջանական բանակին։
Այդ դեպքերից հետո մի շարք կազմակերպություններ խզեցին իրենց պայմանագրերը Ադրբեջանի հետ, փակվեցին մի շարք գրասենյակներ և աշխատանքի վայրեր։ Մարդիկ որոշեցին ներդրումներ կատարել ոչ ռիսկային գոտիներում։
Հիմա ադրբեջանական կողմը կրկին բռնել է սպառնալիքների ճանապարհը, թե բա՝ զենքով կլուծենք խնդիրը և այլն։ Ցանկացած մարտական գործողություն, եթե մեկ շաբաթ և դրանից ավել ձգվի, ապա դա անմիջական հարված է հասցնում Ադրբեջանի հեղինակությանը և տնտեսությանը։ Այս ընթացքում ևս մեծ քանակությամբ կազմակերպություններ պարզապես չեն շարունակի աշխատել ադրբեջանական կողմի հետ։
Ու այդքանից հետո սրանք դեռ պատերազմով են սպառնում։