Ասում են՝ Իսրայելի ՊՆ Ավիգդոր Լիբերմանը չեղարկել է Ադրբեջան կատարելիք այցը: Լիբերմանը Բաքու էր ժամանելու՝ մասնակցելու հունիսի 26-ին անցկացվելիք ադրբեջանական ԶՈւ-ի կազմավորման 100-ամյակին նվիրված ռազմաշքերթին:
Որպես այցի չեղարկման պատճառ՝ նշվում է այն իրողությունը, որ ադրբեջանական կողմն օտարերկրացի հյուրերի թվով աննախադեպ միջոցառմանը հրավիրել է նաև Իրանի ՊՆ Ամիր Հաթամին:
Ռազմական շքերթին Լիբերմանի մասնակցությունը նաև խորհրդանշական նշանակություն ուներ, քանի որ Իսրայել պետությունը համարվում է ռազմական մատակարարումների գծով Ադրբեջանի կարևորագույն մատակարարներից մեկը, որից ձեռք բերված որոշ նոր զինատեսակները, վստահաբար, հանդիսանալու են միջոցառման առանքային բովանդակային բաղադրիչներից:
Մյուս կողմից, վերոնշյալի համատեքստում հերթական անգամ բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվում Իսրայել-Իրան հակամարտության տեսանկյունից, որի կարևոր գործոններից մեկն էլ, կամա, թե ակամա, դարձյալ առնչվում է Ադրբեջանին, որին նշանակալից դեր է վերապահված Իսլամական Հանրապետության դեմ արդեն տեսանելի ապագայում կազմակերպվելիք իսրայելա-ամերիկյան դավադրության հարցում: