ՀՀ վարչապետի և նոր իշխանությունների հանդեպ՝ Ռուսաստանի ղեկավարության ակնհայտ արհամարհական վերաբերմունքը, ամեն դեպքում, շատ է նյարդայնացնում։ Մեկ Փաշինյանի հայրանունն են «խմբագրում» իրենց հարմար ձևով։ Մեկ հայտարարում են, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում չի կայանա, որովհետև Հայաստանի նախագահը չի եկել Մոսկվա։ Այդ նույն Ալիևի հետ հանդիպման ժամանակ Պուտինն ասաց, թե Մոսկվայում Ադրբեջանի ղեկավարը «ինչ-որ մեկի» հետ ծանոթանալու առիթ կունենա (նկատի ունի Փաշինյանին, որի հետ Պուտինը Ալիևին ի վերջո ծանոթացրեց)։ ՈՒ նաև նրա դեմքի՝ ամեն անգամ Փաշինյանի հետ հանդիպելիս այդ դժվար զսպվող ու միայն ծաղր արտահայտող ժպիտը… Մի խոսքով, անդուր է այս ամենը տեսնել ու հասկանալ, որ քաղաքական հետևանքն էլ նույնքան տհաճ է լինելու։

 

Փաշինյանը, իր հերթին, այս ամենը, կարծես, չնկատելու է տալիս։ Պարզ է, որ փորձում է ամեն գնով գործընկերային հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ։ Բայց այդ «ամեն գնով» կոչեցյալը հետևանքներով է հղի։ Որովհետև, որքան էլ Հայաստանը տնտեսապես, ռազմապես և քաղաքականապես կախված լիներ Ռուսաստանից, այնուամենայնիվ կային հարցեր, որտեղ ռուսները որևէ ազդեցություն չեն ունեցել հայկական կողմի վրա։ Օրինակ, Արցախի ճակատագիրը։ Այս հարցում մենք մշտապես ունեցել ենք գործողությունների լիակատար ազատություն և ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն։ Մեծ հաշվով, Ապրիլյան պատերազմն էլ էր այդ հանգամանքով պայմանավորված։ Բայց նույն այդ պատերազմի արդյունքում, ի թիվս այլ խնդիրների, հայկական կողմը կարողացավ պահպանել Արցախի ճակատագիրն ինքնուրույն որոշելու մեր բնական իրավունքը։

 

Հայաստանի նոր Կառավարությունը պետք է հիշի, որ ինչ էլ պատահի, որքան էլ տարբեր հարցերում կախված լինենք Ռուսաստանից, միևնույն է կենսական նշանակություն ունեցող 2-3 ոլորտ, որոնցից մեկի մասին արդեն ասացի, պետք է զերծ պահել արտաքին ազդեցությունից։ Չի կարելի Պուտինի աչքին լավ երևալու համար զիջումներ անել այդ հարցերում։ Սա հիմա եմ զգուշացնում, քանի դեռ բանը բանից չի անցել։ Ցավոք, դատելով ինձ հասած տեղեկություններից, Փաշինյանն ինքն իր համար դեռ չի ֆիքսել Ռուսաստանի հետ հարաբերվելու և հարաբերությունները զարգացնելու սահմանները։ Մի տեսակ շատ առատաձեռն է Պուտինի հետ շփումներում։ ՈՒ շատ պատրաստակամ։ Այդքան չի կարելի։

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան