«Սամվել Կարապետյանը երբեք էլ չէր գնել ԲԷՑ-ը

Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարարն այսօր հայտարարել է, որ որոշում է կայացվել որպեսզի Բարձրավոլտը մնա պետական հիմնարկ՝ ընդգծելով, որ այդ դեպքում կիրականացվի ավելի արդյունավետ կառավարում․․․

 

Խնդիրը կայանում է նրանում, որ Սամվել Կարապետյանը երբեք էլ չէր սեփականաշնորհել ԲԷՑ-ը, ավելին՝ ցանկություն էլ չի ունեցել սեփականաշնորհելու, որ հիմա էլ խոսում ենք այն պետականացնելու մասին։ Իրականում ֆինանսական և ֆունկցիոնալ ճգնաժամի առջև կանգնած ՀԷՑ-ը գնելուց հետո՝ Կառավարությունն է առաջարկել, ավելի ճիշտ՝ խնդրել Սամվել Կարապետյանին աջակցել նաև ԲԷՑ-ի կառավարմանը, իսկ մեր օրերի մեծագույն բարերարներից մեկն էլ, առանց սեփականաշնորհելու կամ նման ցանկության, իր ֆինանսների հաշվին ժամանակավորապես սկսել է կառավարել և առողջացնել նաև ԲԷՑ-ը։

Իսկ երբ ասում ենք, որ Սամվել Կարապետյանը իր միջոցներով սկսել է կառավարել պետության սեփականությունը հանդիսացող ԲԷՑ-ը՝ նշանակում է, որ պետական բյուջեն ունեցել է խնայողություններ, իսկ Սամվել Կարապետյանի անձնական բյուջեն՝ լրացուցիչ ծանրաբեռնվածություն։ Այնպես որ ԲԷՑ-ի դեպքում ևս Սամվել Կարապետյանին միայն պետք է շնորհակալություն հայտնել՝ Հայաստանից դուրս աշխատած իր գումարներով հերթական անգամ Հայաստանին աջակցելու համար։

Նորից հատուկ ուզում եմ նշել, որ եթե ցանկանում ենք Հայաստանից դուրս հարստացած մեր հայրենակիցները ներդրումներ կատարեն Հայաստանում, ապա Սամվել Կարապետյանի պես հայորդիների մասին խոսելիս պետք է լինենք խիստ օբյեկտիվ, զգույշ և հարգալից, քանզի նոր պոտենցյալ ներդրողները, վստահ եմ՝ ուշի ուշով հետևում են, թե ինչպես ենք մենք բոլորս վերաբերվում արդեն իսկ Հայաստանում ներդրումներ կատարած գործիչներին։

Ի դեպ, Կարապետյանների ընտանիքը Հայաստանում աշխատանքով ապահովել է ավելի քան 16 000 քաղաքացու և հանդիսանում է Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը»:

Գրառումը՝ Մենուա Հարությունյանի