ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանի հետ և խնդրել դադարեցնել հացադուլը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

 

«ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Չուգասզյանի հետ՝ վերջինիս խնդրելով դադարեցնել հացադուլը: Միանում եմ պարոն Փաշինյանի խնդրանքին»,- ասել է Աղաջանյանը:

 

Մայիսի 18-ին երեկոյան Արմեն Սարգսյանը Մատենադարանի բակում հանդիպել էր հացադուլ հայտարարած Գարեգին Չուգասզյանի հետ և հորդորել չվտանգել առողջությունն ու դադարեցնել հացադուլը:

 

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանը կալանավորվել էր 2015 թվականին՝ ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար: Մի քանի օր անց, սակայն, նրա խափանման միջոց կալանքը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ, եւ նա ազատ էր արձակվել: Չուգասզյանը, ում նկատմամբ, որպես մեղադրյալի, խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, հետագայում չէր ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Պարզվել էր, որ նա փոխել է բնակության վայրը՝ առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին՝ այդպիսով խախտելով ընտրված խափանման միջոցի՝ օրենքով սահմանված պահանջները։ Դատարանի որոշմամբ մեղադրյալ Չուգասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: 2018թ. ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալիս նա բերման էր ենթարկվել, ձերբակալվել, ապա օրեր անց ազատ արձակվել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի միջնորդությամբ: Չուգասզյանը հացադուլ է հայտարարել ապրիլի 24-ին:

Լուսանկարը՝ azatutyun.am-ի