Ինչպես ավելի վաղ հայտնել էի՝ ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի ընթացքում Վեհաժողովում կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ անկախ հետաքննող մարմինը ներկայացրել էր իր զեկույցը:


Հետաքննությունը կազմվել է ԵԽԽՎ քարտուղարության աշխատակիցների, ԵԽԽՎ պատվիրակների, ԵԽ–ում անդամ երկրների մի շարք դեսպանների վկայությունների, միջազգային ՈԿԿ-ների, լրատվամիջոցների բացահայտումների հիման վրա։


Զեկույցն անդրադառնում է ԵԽԽՎ-ում լոբբինգի, Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու դեպքերին: Ոչ օրինական գործունեություն ծավալած անդամների շարքում են ԵԽԽՎ գործող և նախկին պատվիրակներ։ Զեկույցի բացահայտումների արդյունքում ռումինացի պատգամավոր, Վեհաժողովում ԵԺԿ քաղաքական խմբի նախագահ Չեզար Պրեդան ներկայացրեց իր հրաժարականը խմբի ղեկավարի պաշտոնից:


Անկախ մարմնի զեկույցի հիման վրա ԵԽԽՎ-ում ընդունվեց համապատասխան բանաձև, որում, այլ առաջարկությունների և սահմանած հետագա գործողությունների հետ մեկտեղ, կոչ է արվել կոռուպցիոն գործարքներում ներգրավված ԵԽԽՎ գործող պատվիրակներին հրաժարական տալ:


Մայիսի 15-ին տեղի ունեցած Վեհաժողովի Կանոնակարգի հարցերի հանձնաժողովը շարունակել է հարցի քննարկումը' անդրադառնալով չորս անդամի գործերին՝ Պեդրո Ագրամունտի /Իսպանիայի պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ նախկին նախագահ, EPP խմբի անդամ/, Խորդի Չուկլայի /Իսպանիայի պատվիրակության անդամ, ALDE խմբի անդամ/, Սամադ Սեիդովի /Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, EC խմբի անդամ/, Չեզար Պրեդայի /Ումինիայի պատվիրակության անդամ, EPP խմբի անդամ/:


Համաձայն հանձնաժողովի որոշման՝ նշված պատգամավորները կոպտորեն խախտել են Վեհաժողովի անդամի կանոնակարգը և զրկվում են կազմակերպությունում որևէ պաշտոն զբաղեցնելու, զեկուցող նշանակվելու, անդամ երկրներում ընտրություններ դիտարկելու, վեհաժողովն այլ մարմիններում ներկայացնելու և այլ իրավունքներից:
Ագրամունտի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են 10 տարով, իսկ մնացած 3 պատգամավորների նկատմամբ՝ 2 տարով: