1991թ. ի վեր Հայաստանում պետության կողմից հայրենադարձություն կազմակերպելու իրական և արդյունավետ քայլեր չեն ձեռնարկվել: Չդադարող արտագաղթի պայմաններում հայրենադարձության մասին խոսելն անգամ կարող է ոմանց կողմից ժամանակավրեպ համարվել, որովհետև տարիներ շարունակ Հայաստանը չի ունեցել այնպիսի կարողություններ (որովհետև այդ կարողությունները մսխվել են), որոնք հնարավորություն կտան միգրացիոն բացասական ցուցանիշները մեղմելու նպատակով կազմակերպել հայրենադարձության խոշոր ծրագրեր: Այստեղ ճշմարտության հատիկն այն է, որ 90-ականներից մինչև մեր օրերը տեղի ունեցած հայրենադարձության մի քանի ալիքները տարերային են եղել՝ պետության կողմից չծրագրավորված:
Թե՛ 1989-1991թթ. ադրբեջանահայերի, թե՛ 2003թ. իրաքահայերի և թե՛ 2011թ. սկսած սիրիահայերի ներհոսքը պետության կողմից կազմակերպված և ծրագրավորված չեն եղել: Ավելի՛ն, ներհոսքի այս օրինակների հետևանքով պետությունը բախվել է մի շարք սոցիալական խնդիրների, որոնք հետագայում Հայաստանը վերստին լքելու պատճառ են հանդիսացել ներգաղթածների մի զգալի մասի համար: Չնայած այս իրողությանը՝ կարելի է և պետք է պնդել, որ ծրագրավորված և գործուն հայրենադարձություն կազմակերպելու համար անհրաժեշտ է նախևառաջ համապատասխան օրենսդրական դաշտ և ներպետական ընթացակարգեր ապահովել: Հայրենադարձությունը հնարավորություն է լուծելու ոչ միայն ժողովրդագրական հիմնախնդիրներ, այլև նորեկների մասնագիտական հմտությունները, գիտելիքները և ֆինանսական կարողությունները ուղղելու երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Եվ վերջապես, թե հայրենադարձությունն ինչ կարող է տալ փոքր ու համեստ հնարավորություններով երկրին, Իսրայելի օրինակը մեզ վկա՛:
Ես միայն հիշեցնեմ, որ 2011թ-ից Ազգային ժողովի մի մութ անկյունում շպրտված է կառավարության կողմից հաստատված «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Վերջինս սահմանում էր հայրենադարձության հետ կապված պետական քաղաքականության սկզբունքները, հայրենադարձության կազմակերպման և իրականացման կարգն ու պայմանները, հայրենադարձության կազմակերպաիրավական և ֆինանսատնտեսական հիմքերը, ինչպես նաև հայրենադարձի ինտեգրման և արտոնությունների տրամադրման կարգերը: Օրենքի նախագիծը սահմանում էր նաև «Հայրենադարձություն» և «Հայրենադարձ» հասկացությունները՝ նպատակ ունենալով կարգավորել հայրենադարձության հետ կապված իրավահարաբերությունները: Որքան էլ տարօրինակ է՝ սույն օրենքի նախագիծը կառավարության կողմից հաստատեվելուց հետո առ այսօր չի քննարկվել Ազգային ժողովում և դեռևս չունի օրենքի կարգավիճակ: Այդ օրենքի նախագիծը պետք է հետ կանչել, վերախմբագրել, արդիականացնել, համապատասխանեցնել նոր իրողություններին և ընդունել:
Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավումը այդ թվում նաև հայրենադարձության միջոցով ԱՆՀԱՊԱՂ, ՀՐԱՏԱՊ, ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ խնդիր է, և այս գործում Մխիթար Հայրապետյան ջան մեծ անելիք ունեք:
Դուխով!