Արթուր Ղազինյանը գրում է.

Նախագահ Թրամպը հայտարարեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015թ. ապրիլի 2-ին ստորագրված համաձայնագրից միակողմանի դուրս գալու վերաբերյալ:
Ինչ պետք է անի ՀՀ նոր կառավարությունը այս իրավիճակում?
1. Հայտարարել Իրանի շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենսական շահերի, հետաքրքրությունների և ՀՀ-ը ու տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող վտանգների առկայության մասին:


2. ՀՀ Վարչապետի նստավայր հրավիրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին և պարզաբանում խնդրել Նախագահ Թրամպի որոշման հիմքում դրված պատճառների մասին, ինչպես նաև տեղեկանալ ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ մշակվող նոր քաղաքականության և դրանում առկա ծրագրերի ու գործողությունների մասին:


3. Նախաձեռնել հեռախոսազրույց ԱՄՆ պատասխանատու պաշտոնյայի` ԱՄՆ փոխնախագահի կամ Պետքարտուղարի հետ ՀՀ մտահոգությունները ներկայացնելու և ստեղծված իրավիճակում ՀՀ տարածաշրջանային շահերն ու հետաքրքրությունները ներկայացնելու համար:


4. ՀՀ Վարչապետի նստավայր հրավիրել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին` ԵՄ պաշտոնական դիրքորոշումը ներկայացնելու համար, ապա հեռախոսազրույց ունենալ ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի հետ և նրան փոխանցել ՀՀ պաշտոնական դիրքորոշումը Իրանի շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ:


5. ՀՀ Վարչապետի նստավայր հրավիրել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընդունված համաձայնագրի մասնակից պետությունների ՀՀ-ում դեսպաններին` հասկանալու համար նրանց դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ:


6. Հանդիպման արդյունքներով հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի և Ֆրանսիայի Նախագահների կամ Արտաքին գործերի նախարարների հետ` ՀՀ մտահոգությունները փոխանցելու, տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ ՀՀ տեսակետն ու դիրքորոշումը ներկայացնելու համար:

 

Վերը նշված միջոցառումներն իրականացնելուց և իրավիճակի վերաբերյալ ամբողջական և համակողմանի տեղեկատվություն ստանալուց հետո
1. հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ և ԱԽ անդամներին տեղեկացնել Իրանի շուրջ ընթացող վերջին գործընթացների մասին:


2. Անվտանգության խորհրդի անդամներին տալ համապատասխան հանձնարարականներ` իրադրության զարգացման բոլոր հավանական սցենարներին Հայաստանի պատրաստ լինելու համար:


Իմ խորին համոզմամբ, Հայաստանի Հանրապետությունն այսուհետ պետք է վարի պրոակտիվ արտաքին քաղաքականություն` միջազգային քաղաքականության կենտրոններին մշտապես հիշեցնելով ՀՀ ազգային և կենսական շահերի մասին: