Շիրակի պետական համալսարանը հանդիսանում է մարզի մայր բուհը, որն ունի 84 տարվա պատմություն, լուրջ ավանդույթներ և զարգացման ամբիցիոզ տեսլականներ: Մայր բուհը զարգացման ուղով տանելու և բարձրագույն կրթության այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար համալսարանին պետք է հմուտ կառավարիչ, ով կարող է կառավարել մարդկային և ֆինանսական ռեսուրսները, գիտական և կրթական գործունեությունը:
Կարճ անդրադառնամ այն հիմնական հմտություններին, որոնք ռեկտորի կողմից դրսևորվել են մեկուկես տարվա ընթացքում:
1. Մարդկային ռեսուրսների կառավարում
ՇՊՀ «ռեկտորը» ոչ միայն չունի նման հմտություններ, այլ անգամ պատկերացում մարդկային ռեսուրսների կառավարման կարևորության մասին: Փոխանակ Սահակ Մինասյանը մտածի աշխատակիցների առաջընթացի, վերապատրաստումների, կատարողականի գնահատման, խրախուսումների մասին՝ զբաղված է միայն պատժամիջոցներ կիրառելով: Պաշտոնավարման մեկուկես տարվա ընթացքում կատարեց երկրորդ անհասկանալի կառուցվածքային փոփոխութունը: Առաջին փոփոխության ժամանակ մի հարվածով, իրենց «դիմումների» համաձայն ազատվեց 6 ֆակուլտետի դեկաններից և 21 ամբիոնի վարիչներից: Նրանք աշխատակիցներ էին, ովքեր արհեստավարժ իրականացնում էին իրենց գործառույթները, աշխատակիցներ, ովքեր ընդամենը իրենց պաշտոններում վերընտրվել կամ ընտրվել էին մեկ ու կես տարի, անգամ մեկ ամիս առաջ: Պարզվեց, որ դիմումները գրել էին խաբվելով, քանի որ Սահակ Մինասյանը հավաստիացրել էր, որ կառուցվածքային փոփոխությունից հետո իրենց իսկ տեղերն են զբաղեցնելու կամ ծայրահեղ դեպքում կառաջարկվի համարժեք նոր պաշտոն: 27 աշխատակիցների հեռացման հրամանները տալուց հետո ռեկտորը դարձավ անհասանելի բոլորի համար, քանի որ պատասխան չուներ տալու իր իսկ ստերի համար: Մինչև այս պահն արդեն անցել է մեկուկես տարի, սակայն բուհն ունի ընտրված ընդամենը երեք ամբիոնի վարիչներ, իսկ մնացածը ԺՊ-ներ են: Բնականաբար, քայլերը պատահական չեն: Ռեկտորի կողմից վարած քաղաքականությունը լարման ու կախվածության մեջ է պահում ողջ անձնակազմին: Ըստ իս, երևի նույն պաշտոնը դրված է աճուրդի ու այդպես էլ աճուրդը չի կայանում:
Բուհի ռեկտորը խնդիր ունի բոլորի հետ՝ սկսած հավաքարարներից, վերջացրած իր իսկ նշանակած պրոռեկտորներով: Բուհում մեկ օրվա ընթացքում իրենց «դիմումների» համաձայն կրճատվեցին մի քանի հավաքարարներ, ովքեր պարտաճանաչ աշխատում էին և կենսաթոշակային տարիքում չէին: Բուհից իրենց «դիմումների» համաձայն կրճատվեցին պրոֆեսորադասախոսական կազմի և վարչական աշխատակազմի մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ: Իր «դիմումի» համաձայն պաշտոնից ազատվեց իր իսկ նշանակած ուսումնական գծով պրոռեկտորը, իսկ ընդիմացողները՝ Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի ԺՊ Հովհաննես Խորիկյանը, որը ևս իր կողմից էր նշանակվել, Գագիկ Համբարյանը՝ նույն ամբիոնի 20 տարիների փորձ ունեցող դասախոսներ, հեռացվեցին ռեկտորի հրամանով՝ խախտելով աշխատանքային օրենսգիրքը: Երկրորդ կառուցվածքային փոփոխությունն իրականացրել է հատուկ ինձ համար՝ մեկնաբանելով, որ բուհը գիտության և միջազգայնացման ուղղությամբ պրոռեկտորի հաստիքի անհրաժեշտություն չունի, այլ անհրաժեշտ է աշխատակազմի ղեկավար-պրոռեկտորի հաստիք:
Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել կառուցվածքային փոփոխության ժամկետներին. վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը կառուցվածքը, առանց քննարկելու պրոռեկտորների կամ որևէ այլ ստորաբաժանման հետ, ուղարկում է Գիտական խորհրդին, այնուհետև՝ 2 օր հետո՝ Հոգաբարձուների խորհրդին և հեռավար հաստատում այն: Ինչպես ժողովուրդը կասեր. «Աշխարհս կրակն ընկել վառվում է, ինքը զբաղված է իր հերթական մութ գործերով»: Ավելին՝ այնքան էր շտապում ինձանից ազատվել և վրեժխնդիր լինել, որ հսկայական տուժանք է փոխանցել աշխատանքային օրենսգիրքը խախտելու պատճառով (Ինձ փոխանցվել է 1 962 000 (մեկ միլիոն ինը հարյուր վաթսուն երկու հազար) ՀՀ դրամ տուժանքի և վերջնահաշվարկի համար): Վրեժխնդիր լինելու համար բուհին պատճառել է խոշոր չափերի վնաս՝ հաշվի չառնելով մեկ այլ օրենսդրական դրույթ, որի հիման վրա կազմակերպությանը խոշոր չափի վնաս հասցնելը քրեորեն պատժելի է:
2. Ֆինանսների կառավարում
Երբ պարոն Մինասյանը այսքան լրագրողների առաջ հանդես է գալիս, թե ով ուզում է թող գա և ուսումնասիրի՝ ինչ է կատարված համալսարանի բյուջեի հետ, ես, իրոք, իր փոխարեն լարվում եմ: Բյուջե ղեկավարել դեռևս չի նշանակում ինչ ուզենալ անել: Բյուջե ղեկավարել նշանակում է ծախսել արդյունավետ՝ դուրս գալով համալսարանի ռազմավարական զարգացումից, չխախտելով օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտը: Ռեկտորի ֆինանսական հաշվետվությունից (հղումն՝ այստեղ, էջ 195-204) ակնհայտ երևում է, որ 1 294 222 000 (մեկ միլիարդ երկու հարյուր իննսուն չորս միլիոն երկու հարյուր քսաներկու հազար) ՀՀ դրամ ունեցող բուհի բացասական շեղումների հանրագումարը (եկամուտների, թերակատարումների և գերածախսերի հանրագումար) կազմելէ 242 273 000 (երկու հարյուր քառասուն երկու միլիոն երկու հարյուր յոթանասուներեք միլիոն) ՀՀ դրամ: Այսինքն՝ պարզ է, որ ռեկտորը կապ չունի բուհի ռազմավարական զարգացմանը միտված բյուջեի բաշխման հետ, արել է այն, ինչ այդ պահին մտածել է: Ավելին՝ ԿԳ նախարարության հաշվետվությունից հայտնի դարձավ, որ ռեկտորը գնումներն իրականացրել է խախտելով Գնումների մասին օրենքի և Կառավարության որոշման հնարավոր և անհնար գրեթե բոլոր կետերը: Բյուջեի ծախսերը թափանցիկ չեն և պահպանված չեն տեսանելիությունն ու հաշվետվողականությունը:
Պաշտոնավարման սկզբին, երբ արդեն վճարված էին անգամ աշխատակիցների արձակուրդայինները, ռեկտոր Մինասյանին փոխանցվել է 500 000 000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամով կայուն բյուջե, իսկ այս պահին բյուջեն ճեղքվածք ունի: Մի խոսքով, անձը չի կարողացել տնօրինել և կայուն պահպանել բյուջեն, մինչդեռ ամենուրեք հայտարարում է, որ ավելի շատ թվով ուսանողներ են ընդունվել իր պաշտոնավարման տարիներին:
3. Գիտական գործունեության կառավարում
Բուհի առաքելության գլխավոր մասը գիտական գործունեությունն ու հետազոտությունն է: Մինչև այժմ տպագրված չեն 2016 թվականի հոկտեմբերին կազմակերպված «Ներառական կրթության հիմնախնդիրները» խորագրով հանրապետական գիտաժողովի նյութերը, քանի որ գումար չկա: Մինչև հիմա տպագրված չէ 2016 թվականի ուսանողական հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածուն, քանի որ գումար չկա: Մինչև հիմա տպագրված չէ համալսարանի 2017 թվականի «Գիտական տեղեկագիր» պարբերականը: Այո՛, ոչնչացվեց մի ողջ գրապահոց, մի ողջ գիտական գրականություն. գրականություն, որը մեր ավագները երկրաշարժի ժամանակ, անկախ նրանից՝ զոհ ունեցել են, թե ոչ հերթով գիշերելով հսկել են, որ մարդիկ ստիպված չայրեն դրսում տաքանալու համար: Այն ռեկտորի կողմից ոչնչացվեց մի քանի օրվա ընթացքում: Դատարկվել են գրապահոցները՝ գրախանութ ունենալու համար: Այո՛, բիզնես կենտրոն, որը շաաատ հեռու է հետազոտական համալսարան լինելու ամբիցիոզ մտքից: Համալսարան մուտք գործած առաջին օրը փակեց Գիտության բաժինը, իսկ մեկ տարի հետո էլ անհրաժեշտ չէր գիտական գծով պրոռեկտորի հաստիքը: Այո՛, պարոն Մինասյան, ձեր վարած քաղաքականությունը հակագիտական է, և ձեր տեսակը իրավունք չունի անգամ բուհի դռնից ներս մտնելու:
4. Բարձրագույն կրթության ուսումնական պրոցեսի կառավարում:
Ստորև ներկայացված են ռեկտորի կողմից հրահանգավորված մի քանի քայլեր, որոնք իրականացվել են Կրթության, Բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքների, բուհի կանոնադրության և այլ իրավական ակտերի խախտմամբ.
• առաջին կուրսի նոր ուսումնական պլաններով պետք է սովորեն բոլոր կուրսերը՝ անկախ նրանից՝ կկրկնվի առարկան, թե՞ ընդհանարապես չի ուսումնասիրվի
• ինտեգրված ուսուցում՝ հեռակա և առկա բաժինների համատեղ ուսուցում
• լսարանային ժամերի 50 տոկոսի իրականացում
• դասաբաշխումների հաստատում հոկտեմբերի 2-ին
• և այլն, և այլն...
Իհարկե, այստեղ կարելի է անվերջ թվարկել կատարված հանցանքներն ու ապօրինությունները, սակայն փորձել եմ կանգ առնել գլխավոր կետերի վրա:
5. Ռեկտորը տարրական ստախոս է, ստում և զրպարտում է ցանկացած մեկին, երբ անհրաժեշտ է, մինչդեռ ճշտախոսությունն ամենակարևոր հատկությունն է կառավարչի համար:
Հ.Գ. 1. Պարոն Մինասյանը, մոտ 20 տարի ղեկավարելով մարզի հանրակրթության ոլորտը, համակարգել է բուհերի միասնական քննությունները: Երևի պարզ է, թե ինչ կոռուպցիայի մասին էր ակնարկում մարզում հայտնի ամենակոռումպացված անձը:
Հ.Գ. 2. Պարոն ռեկտոր, գոյություն ունի հասարակական կարծիք Շիրակի մարզում ձեր՝ ամենակոռումպացված անձ լինելու հետ կապված: Հասարակական կարծիքը ամենազորեղն ու ամենաճշմարիտն է: Որքան շատ եք խոսում կոռուպցիայից, այնքան շատ են բացահայտվում ձեր կոռուպցիոն շղթանները: Դադարեցրե՛ք «աթոռակռիվ» տերմինի տակ թաքցնել ձեր հանցագործությունները և հեռացե՛ք մեր մայր բուհից: