Սիրիայի քրդաբնակ Աֆրինի շրջանը վերահսկող Թուրքիայի հովանավորյալ «Սիրիական ազատ բանակ»(ՍԱԲ) խմբավորման զինյալները մարտի 30-ին փորձել են հետախուզական դիտարկում իրականացնել պրոամերիկյան «Սիրիայի դեմոկրատական ուժերի»(ՍԴՈՒ) ազդեցության ներքո գտնվող Մանբիջ քաղաքում, որտեղ տեղակայված է նաև ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիային ենթակա որոշակի ռազմական կոնտինգենտ:
Մինչդեռ բնակավայրի մերձակայքում երկրորդական նշանակության ճանապարհներից մեկում ՍԱԲ զինյալների առաջխաղացումը կանխվել է ամերիկացի զինվորականների պարեկային խմբի կողմից, ինչի հետևանքով սիրիացի ընդդիմադիրները հրաժարվել են իրենց նախաձեռնությունից և լքել շրջանը:
Ի դեպ, Մանբիջն Աֆրինից հետո Թուրքիայի իշխանությունների կողմից հռչակված հակաահաբեկչական պայքարի հաջորդ թիրախն է, որն, ինչպես երևում է, նաև սկզբունքային նշանակություն ունի նաև ԱՄՆ-ի համար:
Բացի վերոնշյալից, որոշ տեղեկությունների համաձայն՝ Սիրիայում որոշակի խնդիրներ են առաջացել նաև Անկարայի և Մոսկվայի միջև՝ Հալեպի նահանգում՝ Աֆրինի հարևանությամբ գտնվող Թալ-Ռիֆաաթ քաղաքն Իդլիբի նահանգի ռազմավարական կարևորության Ջիսր ալ-Շուղուր քաղաքի փոխանակության գործարքի հետ կապված: Թուրքական ԶՈՒ-ի ավտոշարասյունը փակել է սիրիական բանակի առաջխաղացումը Ջիսր ալ-Շուղուրի ուղղությամբ, ինչին ի պատասխան քրդաբնակ Թալ-Ռիֆաաթ է վերադարձել սիրիական կառավարական ուժերի և ռուս ՌՈ-ի զորախումբը:
Հարկ է նշել, որ Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը Թալ-Ռիֆաաթ քաղաքն «ազատագրելու» մասին հայտարարել էր դեռևս մարտի 27-ին: