Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն գերմանական Die Zeit-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցի քննարկումը, ասել է, որ Անկարան կպատասխանի, բայց այլ կերպ, քան Ռուսաստանն ու այլ երկրները: «Մեզ ասում են' գազ մի գնեք այս ու այն երկրից: Այդպես չի լինի»:
Իրականում, սակայն, խնդիրը գազը չէ, ավելի ճիշտ՝ միայն գազը չէ: Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Կյորտիս Սկապարոտին ասել էր, որ «ԱՄՆ-ն հույս ունի, որ Թուրքիան կհրաժարվի ռուսական զենիթահրթիռային С-400 համակարգերը գնելուց», և զգուշացրել էր Անկարային այդ քայլի հետևանքներից: Նույն միտքն էր արտահայտել ՆԱՏՕ-ի Ռազմական հանձնաժողովի նախագահ Պետր Պավելը։
ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս անդամները մեղադրում են Մոսկվային, որ «ձգտում է խարխլել միասնությունը Արևմուտքում ու կործանել տրանսատլանտյան կապերը»: Սակայն խնդիրը միայն ռուսական հրթիռները չեն: Անկարայի ու Վաշինգտոնի առավել սուր տարաձայնություններն ի հայտ եկան հունվարի 20-ից հետո, երբ Թուրքիան սկսեց «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևմուտքի Աֆրին շրջանում քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների դեմ: Հիմա ԱՄՆ-ի ու Թուրքայի զորքերը կարող են միմյանց վրա կրակել' ստանալու համար Մանբիջի վրա վերահսկողությունը, չնայած փետրվարին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ու Թուրքիայի իշխանությունների բանակցություններին: Իրավիճակը շատ ավելի բարդ է: Անկարայի համար նշված եռանկյանը' ռուսական գազ, ռուսական հրթիռներ ու քրդեր-ամերիկացիներ, թուրք քաղաքագետ Էնգին Օզերի կարծիքով' կարող են ավելացնել ևս մի քանի ցավոտ հարվածներ:
Կահիրեն կոչ արեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել Կատարին աջակցելու համար: Սաուդյան Արաբիան Իրանի հետ Թուրքիան անվանեց «չարի առանցք»: Օզերի գնահատականով' այդ հարթակներում ԱՄՆ-ը ցանկացած պահի կարող է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սկսել: Եգիպտոսն արդեն «հասարակական բոյկոտ» է հայտարարել թուրքական ապրանքներին' ի նշան բողոքի, որ «Անկարան աջակցում է «Մուսուլման եղբայրներին» և Սինայի թերակղզում ու հարևան Լիբիայում գործող ջիհադիստներին»: Նույնը կարող է անել Սաուդյան Արաբիան: Թուրք փորձագետների կարծիքով' Վաշինգտոնը հիմա հազիվ թե Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանի, թեպետ արդեն սահմանափակումներ է մտցրել ռազմատեխնիկական համագործակցության մեջ:
Հավանաբար հետագայում էլ ԱՄՆ-ը կդիմի կողմնակի ճնշման, ֆինանսական համակարգին հարվածներ հասցնելու միջոցներին: Իսկ ռուսական պաշտպանական ձեռնարկությունները պատժամիջոցների ցանկում ներառելով' կխանգարի ռուսական զենքի գնումներին:
Թուրքիան երբեք մեկ լարի վրա չի խաղում' թուրքական մամուլը գրում է, որ Էրդողանը հանձնարարել է ուսումնասիրել իր առավելությունները, եթե արտահերթ ընտրություններ անցկացվեն: Մյուս կուսակցությունների ղեկավարներն էլ ավելի վաղ խոսում էին, որ կառավարությունը մտադիր է արտահերթ ընտրություններ անցկացնել: Թուրքիայի իշխանությունները շեշտը դնում են «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության դրական ընկալման վրա և կարող է դիտարկվել իբրև առավելություն Թուրքիայի ու ԵՄ-ի հարաբերությունների զարգացման շրջանում:
Գերմանական Die Welt-ը հաղորդել է, որ մեկ ամիս առաջ Թուրքիայի ներկայացրած առաջարկը Բրյուսելում դրական արձագանք է ստացել․ Անկարան 72-ից 65 պահանջ կատարել է և ներկայացրել է 7 կետի վերաբերյալ իր առաջարկները: Ակնկալվում է, որ մարտի 26-ին Վառնայում ԵՄ ղեկավարների հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը դրական գնահատական կտա Թուրքիային, և այս ամռանը կկատարվեն Թուրքիայի օրենսդրության փոփոխություններ: Վիզային ռեժիմը հանելու փոխարեն Բրյուսելն աշնանն ակնկալում է Թուրքիայում ձերբակալված լրագրողների ազատ արձակում ու պետական պաշտոնյաների մի մասի վերադարձն իրենց աշխատանքին: Անկարան մինչև 2019-ի փետրվար սպասում է Եվրախորհրդարանի կանաչ լույսին և հույս ունի, որ քվեարկությունը կկայանա մինչև եվրոպական ընտրությունները:
ՌԴ-ին իր քաղաքականության ուղեծրում պահելու համար Անկարան օգտագործում է ՆԱՏՕ-ից դուրս գալու ու ԱՄՆ-ին իր տարածքից դուրս մղելու խոստումը, Վաշինգտոնին իր ուղեծրում է պահում ՌԴ հետ սերտ տնտեսական ու ռազմական համագործակցություն հաստատելու շանտաժով, իսկ այդ ընթացքում Սիրիայում անում է իր ցանկացածը' ոչնչացնելով քրդերին ու մաքրելով Իրաքից Թուրքիա նավթի ու գազի արտահանման ճանապարհը: