Քանի որ Հայաստանի պետականաստեղծ հիմնական էթնոսը հենց հայերն են, ապա շատ դեպքերում մեր էթնիկական հանրույթին բնորոշ բազմաթիվ գծեր, այդ թվում նաև հոգեբանական հատկանիշներ, ըստ էության, փոխադրվում են նաև պետական մակարդակ։
Այդ հատկանիշներից մեկը, րրը թերևս, կարելի է անվանել էթնիկական ինքնամեկուսացում կամ էթնիկական իզոլացիոնիզմ, և որը ենթադրում է չխառնվել «ուրիշների գործերին», եթե նույնիսկ դրանք առնչվում են մեր իսկ շահերին, ամենայն հավանականությամբ, զարգացել է պաշտպանողական նպատակներով և պայմանավորված է նախևառաջ սեփական պետականության երկարատև բացակայության և զուտ համայնքային գոյության ընթացքում ձևավորված գերակա մտայնության շրջանակներում։
Հարկ է նշել, սակայն, որ պատկերավոր ասած, «սեփական յուղի մեջ տապակվելու» գաղափարը նույնիսկ համայնքային մակարդակում «նախաստեղծ» մտայնություն չէ, ինչպես երբեմն փորձ է կատարվում ներկայացնելու, հակառակ պարագայում չէր լինի հայկական էթնիկական տարրի ակտիվ միջամտությունը, դիցուք, միջնադարյան Բյուզանդիայի կամ Սահմանադրական հեղափոխության ժամանակաշրջանի Իրանի «ներքին» գործերին։
Ակնհայտ է, որ համայնքային և պետական կառուցներում գոյության եղանակները ենթադրում են բավական տարբեր՝ որոշ դեպքերում նույնիսկ իրարամերժ մոտեցումներ շատ հարցերի վերաբերյալ, ինչի հետևանքով էթնիկական ինքնամեկուսացման համայնքային միգուցե և ընդունելի մտայնությունը չի կարելի ինքնաբերաբար փոխադրել և կիրառել պետության առկայության պայմաններում։
Ըստ այդմ՝ Հայաստանը որպես պետություն չի կարող մեր տարածաշրջանում հասնել գերակա դիրքերի՝ հիմնվելով նշված էթնիկական հատկանիշի վրա, որն ըստ էության,զանազան պաշտպանողական վախերի մի բույլի յուրահատուկ տրանսֆորմացիա է՝ վախի «գեղեցիկ փաթեթավորում», մինչդեռ զարգացումը չի կարող ընթանալ բացառապես վախերի ուղեծրում․ դա առավելագույնը կարող է ապահովել գոյատևում, բայց ոչ երբեք զարգացում կամ գերակայություն։
Հետևաբար թե՛ հասարակական և թե՛ պետական մակարդակներում կշռադատված համարձակությունը, որը միևնույն ժամանակ զերծ է արկածախնդրությունից, ըստ իս, մեզ համար կենսական անհրաժեշտություն է, եթե մեր գերագույն նպատակը ոչ թե պետության ֆորմալ ատրիբուտներով Հայաստան-համայնքի, այլ լիարժեք և հզոր Հայաստան-պետության տեսլականն է։