Սիրիական և քրդական մի շարք պաշտոնական աղբյուրներ տեղեկացրել են, որ փետրվարի 16-ին Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանի մերձակայքում գտնվող Շայիխ ալ-Հադիդ շրջանի ալ-Մազինա բնակավայրում թուրքական ԶՈւ-երը միջազգային կոնվենցիաներով արգելված զենք են կիրառել. տվյալ դեպքում խոսքը քլոր գազի մասին է, ինչի հետևանքով Աֆրինի հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ:
Սիրիական հակամարտության շրջանականերում վերջին օրերին կրկին ակտիվացած քիմիական զենքի կիրառման արգելքի թեմայի համատեքստում հատկապես Դամասկոսի կողմից նման թեմայի շահարկումը նպատակ է հետապնդում նաև միջազգային հանրությանը ցույց տալու, որ Սիրիայի տարածքում առկա են նաև այլ դերակատարներ, որոնք ևս կարող են որոշակի քանակությամբ քիմիական զենքի տիրապետել, տվյալ դեպքում՝ արտաքին հովանավորի՝ Թուրքիայի մատակարարմամբ:
Իսկ մինչ այս քիմիական զենքի կիրառման հարցում մեղադրանքի սլաքը հիմնականում ուղղվել է սիրիական վարչակարգի, երբեմն նաև՝ որոշ ահաբեկչական խմբավորումների ուղղությամբ, չնայած որ պաշտոնական Դամասկոսը մշտապես հայտարարել է, որ իր տրամադրության տակ եղած քիմիական զենքի ողջ զինանոցը տրամադրել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, որն էլ իրականացրել է դրա ոչնչացումը: