Քիչ առաջ ընթերցում էի 20-րդ դարասկզբի հայ մեծանուն գործարար և բարերար Միքայել Արամյանցի կյանքի պատմությունը:
Երևի թե յուրաքանչյուր այլ ազգի ներկայացուցիչ կհպարտանար այդպիսի հայրենակցով, բայց որքան ցավ ես ապրում, երբ ծանոթանում ես, թե ինչպես 1915-ին, երբ թուրքերն անխնա կոտորում էին Արևմտյան Հայաստանի հայ բնակչությանը, երբ մեր ապստամբական շարժումները մարդուժի և զենքի պակաս ունեին՝ պաշտպանելու սեփական տարածքները, Արամյանցը, Մանթաշովն ու մյուսները Թիֆլիսում ու Բաքվում զբաղված էին բարեգործությամբ, տներ էին կառուցում աղքատների համար: Հետո, երբ հազարավոր հայ գաղթականները լցվել էին նաև Թիֆլիս, Արամյանցը նրանց համար ավան կառուցեց...
Նույն ցավով տեղեկանում ես, որ Թիֆլիսում ու Բաքվում հայ գործարարները հսկա շինություններ, գործարաններ ու հյուրանոցներ էին կառուցում՝ մոռանալով իրենց հայրենիքի մասին: Եթե Բաքվի դեպքում աննշան արդարացում կա՝ նավթ, ապա Թիֆլիսի պարագայում դա էլ է բացակայում: Ինչո՞ւ էին կառուցում մեր կողքի քաղաքներն այն դեպքում, երբ կարող էին մի փոքր ազգային մտածողություն ունենալ և սեփական երկրում (թեկուզ և ոչ անկախ) ներդրումներ անել:
Բնականաբար, տարիներ անց նույն Արամյանցը նույն այդ Թիֆլիսի բնակչության աչքի առաջ մահացավ անտուն ու սոված, իր իսկ կառուցած հյուրանոցի պատերի տակ:
Եվ գրոշի արժեք չունեն այսօրվա բարձրագոչ հայտարարությունները, թե Թիֆլիսն ու Բաքուն հայերն են կառուցել: Խելք չեն ունեցել, ուրիշի հողն են շենացրել, և բնական է, որ այդ ուրիշը պետք է օգտվեր առիթից ու հետո գրողի ծոցն ուղարկեր, ես ոչ վրացիներին, ոչ էլ թուրքերին չեմ մեղադրում:
Այսօր էլ առանձնապես շատ բան չի փոխվել: Նայենք մեր շուրջը. ինչքա՞ն գերհարուստներ կան աշխարհում, որոնք եթե ցանկանան իրենց հայրենիքում ներդրումներ անել, շատ արագ կունենանք ուժեղ պետություն: Բայց ոչ, մենք գերադասում ենք դժգոհել բոլոր ժամանակների իշխանություններից, անիծել սեփականն ու նրա գործած սխալները՝ գերադասելով փառաբանել օտարին, յուրայինների մեջ օտար փնտրել, իսկ օտարների մեջ տեսնել փրկություն:
Հրեաներին այս առումով շատ եմ հարգում: Այդ ազգը կարողացավ 2000 տարվա պետության կորստի պայմաններում այնքան համախմբված լինել, որ շահագործեց բոլորի հնարավորությունները՝ հանուն իրեն: Եվ թքած, որ աշխարհը կարող է հազար ու մի անուն կպցնել, կարևորը՝ նրանք կարողացան ոչնչից ստեղծել Իսրայել պետություն, որն այսօր աշխարհի հզոր խաղացողներից մեկն է: