Ծագումով իրանցի, սակայն պանթյուրքականության դրոշակակիր Փիրուզ Դիլենչին, որը ժամանակին Հեյդար Ալիևի հակաիրանական բնույթի հանձնարարականների կատարողներից էր, իսկ այժմ, ենթադրաբար, թուրքական հատուկ ծառայությունների աշխատակից, օրերս բաց նամակ է գրել ԱՀ նախագահ Ի. Ալիևին։
Բաց նամակում Դիլենչին նշել է, որ ԱՀ ազգային անվտանգության մարմիններն ու հատուկ ծառայությունները, որոնց ղեկավարները նշանակվել են հենց Ի. Ալիևի հրամանով, իրենց գործի քաջագիտակներ չեն, ավելին՝ ազգային գաղափարախոսության կրողներ չեն։
Ակնարկվել է, որ նրանք շատ վատ են աշխատում Իրանի մասով, ավելին՝ միլիոնների դիմաց վաճառում են միլիարդներ արժեցող տեղեկություններ։
Դիլենչին առանձնացրել է մի քանի «անհանգստացնող» կետեր, մասնավորապես իրանական կողմից խրախուսվող և տարածվող շիայականությունը, շիայական դպրոցների աստիճանական տոտալ վերահսկումը, շիայական հայտնի սրբավայրեր ուխտագնացության մեկնողների խրախուսումը, և վերջում ենթադրել, որ Ադրբեջանում Իրանի ծավալած գործունեության արդյունքում այդ երկիրը կարող է դառնալ «հերթական Իրաք»։
Դիլենչիի խոսքերով՝ Իրանի կողմից ցանկացած երկրի «նվաճում» (ամբողջական վերահսկողության հաստատում) սկսվում է կրոնական քարոզից և շիայականության տարածումից։
Հաշվի առնելով բաց նամակում տեղ գտած մի շարք այլ շեշտադրումներ և մանրամասներ, կարելի է ենթադրել, որ Թուրքիան անհանգստացած է Ադրբեջանում իրանական ազդեցության մեծացումից։
Հետաքրքրական է, որ նույն թեմայով հունվարի 26-ին հրապարակում է եղել եղել արաբալեզու «Asharq al-Awsat»-ում (إيران تنشط لتحويل أذربيجان إلى عراق آخر! - (հղումն՝ այստեղ), ապա թարգմանվել անգլերեն «Al Arabiya» գործակալության կողմից (Will Iran turn Azerbaijan into another Iraq? -(հղումն՝ այստեղ)