1921-ին ռուս-թուրքական համաձայնության արդյունքում ստեղծված հարևան հանրապետության ղեկավարը կրկին արծարծել է իր զավեշտալի դարձած և վաղուց արդեն բոլորին հոգնեցրած այն թեզը, թե Երևանն, իբր, «ադրբեջանական քաղաք է և այն պետք է անպայման ազատագրվի հայերից»: Զավեշտը՝ զավեշտով, բայց այստեղ հարց է առաջանում. իսկ մենք ի՞նչ ձեռնարկեցինք անկախության այս տարիների ընթացքում ի հակակշիռ այդ բարբաջանքի:
Հիշում եք, երևի, մոտ 10-12 տարի առաջ առաջարկվեց մի նախագիծ, ըստ որի «Մոսկվա» կինոթատրոնի այն ժամանակ արդեն չօգտագործվող ու լքված ամառային դահլիճի տեղանքում նախատեսվում էր վերականգնել Երևանի հնագույն եկեղեցին՝ Սուրբ Պողոս-Պետրոսը: Մի կողմ թողնենք այդ նախագծի մանրամասները՝ ես ինքս կտրուկ դեմ եմ Հայաստանում նոր եկեղեցիների շինարարությանը և կողմ եմ միայն պատմական ու ճարտարապետական արժեք ներկայացնող հին եկեղեցիների վերականգնմանը: Բայց, արի ու տես, այդ պահին մի այնպիսի կազմակերպված և ուղղորդվող գործընթաց սկսվեց Պողոս-Պետրոս եկեղեցու վերականգնման նախագծի դեմ (անգամ պետական հիմնարկներում), որ այդ ամենն իրոք շատ կասկածներ հարուցեց: Ինչևէ, այդ նախագիծը հենց սկզբից ձախողվեց, բայց, երևի թե, խելամիտ ու հեռատես մոտեցման դեպքում, լավ թե վատ՝ այսօր մենք գուցեև ունենայինք հայոց բնօրրան Երևանի սրտում հեռավոր 5-րդ դարում հիմնադրված հայկական եկեղեցու վերականգնված տարբերակը, որը շատ կարևոր էր՝ առաջին հերթին վերը նշված անհեթեթությունների կանխարգելման առումով:
Անցան տարիներ, և եթե հիմա Թումանյան փողոցի կողմից այցելեք ամառային կինոթատրոնի նույն այդ տեղանքը, ապա նրա մուտքի մոտ ձեզ կհառնի ընդամենը հերթական երևանյան մի շարքային սրճարան՝ «Նյու Կադր» օտարահունչ անվանումով: Այսինքն, եղավ այնպես, ինչպես մեզ մոտ միշտ լինում է ներկա արմատավորված արժեհամակարգում՝ երևի թե ինչ որ մեկին այդ պահին շատ պետք էր, որ այդ նախագիծը չիրականանա, և դա շատ բարեհաջող ստացվեց: Դե ինչ, մնում է միայն հուսալ, որ մի օր ի վերջո պետականամետ, այլ ոչ սեփականատիրական, մտածողությունը կդառնա մեզ մոտ գերիշող, և հինավուրց Պողոս-Պետրոս եկեղեցին վերջապես հնարավոր կլինի իր տեղում վերականգնել:
Տեղեկանք. Սուրբ Պողոս-Պետրոսը Երևանի նշանավոր եկեղեցիներից մեկն էր, որի մասին մանրամասն նկարագրություններ են թողել 17-րդ դարում Երևան այցելած եվրոպացի ճանապարհորդները: Պատկանում էր 5-6-րդ դարերում Հայաստանում տարածված եռանավ խոշոր բազիլիկ եկեղեցիների տիպին։ Հիմնադրվել էր 5-րդ դարում, ենթարկվել վերանորոգումների և վերականգնումների՝ 7-րդ և 12-րդ դարերում: 1679 թվականի աղետալի երկրաշարժի ժամանակ Երևանի մի շարք եկեղեցիների նման ավերվել է։ Երկրաշարժից հետո նրա մնացորդների վրա, որոնք պահպանվել էին արևելյան մասում, կառուցվում է նույնանուն նոր եկեղեցի, որից հետո հիմնովին վերանորոգվում է 19-րդ դարում։ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին ճարտարապետական առումով գրավիչ չէր, սակայն ֆունկցիոնալ տեսակետից Երևան քաղաքի հենց սրտում կարևորագույն նշանակություն է ունեցել իր տարողությամբ և կառույցի ամրությամբ, միաժամանակ կարևոր դեր ունենալով հարևանությամբ գտնվող Կաթողիկե և Գեթսեմանի եկեղեցիների հետ'քաղաքի քրիստոնեական կերպարի պահպանման առումով համար: 1931-ին եկեղեցին բոլշևիկյան իշխանությունների կողմից բարբարոսաբար քանդվել է և նրա տեղում կառուցվել է ներկայիս «Մոսկվա» կինոթատրոնը։