Բաքվի բռնապետի «Երևան վերադառնալու» «Երևանը վերադարձնելու», «Սևանում ոտքերը լվանալու» կամ «Սյունիքում թեյ խմելու», կարճ ասած՝ «Հայաստան բիզիմիդիր» ոճի մեջ պարեբերական հայտարարությունները թեև, ըստ էության, իրականություն դառնալու որևէ հնարավորություն չունեցող և նաև պատմականորեն անհիմն վստահեցումներ են, որոնք ցանկացած լրջմիտ մարդու ընկալումներում բացառապես զավեշտի տպավորություն են թողնում, միտված են նաև մի չափազանց կարևոր ներադրբեջանական խնդիր լուծելուն։
Ընդ որում, այդ խնդրի վրա մեզանում կարծես թե պատշաճ ուշադրություն չի սևեռվում։ Բան այն է, որ Բաքվի իշխանական համակարգը, լինելով բացահայտ բռնապետական բնույթի, իր հիմքում ունի էթնիկական կամ տեղային ծագման վրա խարսխված հստակ կլանային կառույց, որտեղ որևէ կլան չունի միայնակ հաջողության հասնելու հնարավորություն։
Այս առումով իշխանոթյունը իր ձեռքում անսասան պահելու նպատակով, ըստ ամենայնի, քրդական ծագման Ալևիևների ընտանիքը ոչ միայն հենվում է նախիջևանյան տարածքային խմբավորման վրա, այլև կարիք ունի նաև դեռևս խորհրդային տարիների վերջին շրջանից ի վեր գրեթե ոչ պակաս հզոր դիրքեր զբաղեցնող և Հայաստանի այս կամ այն տարածքից սերող անձանցից բաղկացած, այսպես կոչված, «երևանյան ադրբեջանցիների» կայուն աջակցության, ինչին էլ փորձում է հասնել հատկապես հենց այդ կլանին հաճո նման հայտարարություններով։
Հատկանշական է, որ նշված օժանդակությունը ոչ միայն քաղաքական կամ տնտեսական շարժառիթներ ունի, այլ նաև գաղափարական, քանի որ ադրբեջանական կլանների շարքում, որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, անժխտելի թյուրքական ծագում ունի հենց «երևանյան ադրբեջանցիների» խմբավորումը, որի հետ դաշինքն էլ, ըստ էության նաև լեգիտիմացնում է քրդական ծագմամբ ընտանիքի գերակայությունը հիմնականում հենց թյուրքականության քարոզի վրա կառուցված Ադրբեջան հորջորջվող արհեստածին քաղաքական միավորի իշխանական բարդ համակարգում։